Խոշոր գումա՞ր եք շահել՝ անմիջապես փախե′ք ու թաքնվե′ք


Խոշոր գումա՞ր եք շահել՝ անմիջապես փախե′ք ու թաքնվե′ք
Խոստովանեմ՝ երբեք չեմ սիրել աշխատել, ու միշտ երազել եմ պարզապես շատ մեծ գումար շահել, որը թույլ կտար խուսափել ամենօրյա տքնաջան աշխատանքով փող վաստակելու անհրաժեշտությունից։ Բայց ստիպված աշխատել եմ ու շահելու համար էլ առանձնապես ջանքեր չեմ գործադրել՝ իմանալով, որ շանսերը զրոյից շատ քիչ են տարբերվում։ Կոնկրետ վիճակագրություն վկայակոչեմ. ամերիկյան 45 նահանգներում տարածված Mega Millions վիճակախաղի ջեքփոթը շահելու հավանականությունը կազմում է մեկը 300 միլիոնի։ Համեմատության համար ասեմ՝ այն բանի հավանականությունը, որ ձեզ կհարվածի կայծակը, մոտ երեք հարյուր անգամ ավելի մեծ է. մեկը՝ մեկ միլիոնի։
Դրա համար էլ, հաստատ իմանալով, որ ամենաբախտավորը չեմ ո′չ 300 միլիոնի, ո′չ էլ նույնիսկ մեկ միլիոնի մեջ, միշտ փորձել եմ ընդամենը առավելագույն հաճույքը ստանալ բուն խաղից։ Երեւի չեք հիշում՝ Սովետի ժամանակ էսպիսի վիճակախաղ կար, կոչվում էր «Սպրինտ»։ Մեր կանգառում վաճառում էին, գրպանումս եղած երեք ռուբլիով մի քանի հատ գնում էի, տեղում բացում էի, գրեթե բոլորը, բնականաբար, «փուստ» էին լինում, բայց մեկի վրա գրված էր լինում՝ շահել եք երեք ռուբլի. էդ երեք ռուբլին վերցնում էի ու գնում։ Այսինքն, ո′չ շահում, ո′չ կորցնում էի, բայց խաղալու հաճույքը հո ստանում էի։
Հիմա մեկ-մեկ մտածում եմ՝ միգուցե շատ էլ լավ է, որ երբեք հսկայական գումար չեմ շահել։ Որովհետեւ առողջապահության եւ մնացած բոլոր նախարարությունները զգուշացնում են՝ խոշոր շահումը կարող է վնասակար լինել ձեր առողջության կամ ամուսնական կյանքի համար։ Ախր մենք՝ շարքային քաղաքացիներս, ցավոք, ճոխ ու շվայտ կյանքին սովոր չենք, թույլ ենք ու գայթակղություններին դիմանալու մեծ փորձ չունենք, իսկ դա վտանգավոր է, եթե խոշոր գումար շահենք։ Որովհետեւ, ինչպես նշում է արեւմտյան մասնագետներից մեկը, հսկայական փողերը ստիպում են հրաժարվել սիրելի զբաղմունքներից ու սովորություններից, խարխլում են հարաբերությունները եւ խելքահան անում մարդկանց։ Նորընծա միլիոնատերերը սնանկանում են, հանցագործների զոհ դառնւմ կամ ընդհանրապես հրաժեշտ տալիս կյանքին։ Կոնկրետ օրինակ բերեմ։
Ադրիան Բեյֆորդը անգլիական Հեյվերհիլ քաղաքում փոստատար էր աշխատում, երբեք հարուստ չէր եղել, հազիվ ծայրը ծայրին էր հասցնում, բայց կնոջ հետ հաշտ ու խաղաղ ապրում էր։ 6 տարի առաջ ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ նա վիճակախաղով շահեց միանգամից մոտ 150 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Շքեղ առանձնատուն գնեց, ստիպված եղավ այգեպան վարձել, որ հետեւի ընդարձակ այգուն։ Իսկ 15 ամիս անց բաժանվեց կնոջից։ Ի՞նչու։ Որովհետեւ կասկածում էր, որ կինը դավաճանում է իրեն այգեպանի հետ։
Նախկին փոստատարը սկսեց հանդիպել մեկ այլ կնոջ՝ Սամանթայի հետ, որին համացանցով էր ծանոթացել։ Ուր որ է պիտի ամուսնանային, բայց Սամանթան փախավ՝ իր հետ վերցնելով բոլոր թանկարժեք նվերները։ Այս անգամ նա փորձեց հարաբերություններ հաստատել տեղի իտալական ռեստորանի մատուցողուհու հետ, բայց բան չստացվեց։ Ու մի անգամ տեղի գարեջրատանը Ադրիանը ընկերներին խոստովանեց. «Չլինեին այդ փողերը, չէր լինի նաեւ անիծյալ այգեպանը, ու մի բարձի կծերանայինք սիրելի կնոջս հետ»։ Ինչին ընկերներից մեկն արձագանքեց. «Այո′, հենց որ մեծ փող շահեցիր, իմացի′ր՝ մի պատուհաս գլխիդ անպայման գալու է, փախի′ր ու թաքնվի′ր»։ Հետաքրքիր է, որ մի քանի շաբաթ անց լուր ստացվեց, որ Ադրիանը վաճառել է ամեն ինչ ու տեղափոխվել Ավստրալիա։ Դե ի՞նչ, մարդը պարզապես որոշել է հետեւել ընկերոջ խորհրդին։
Ու նաեւ պատրաստ եղեք՝ հենց որ խոշոր գումար շահեցիք, անմիջապես պարզվելու է, որ դուք բազմաթիվ ազգականներ ունեք աշխարհի տարբեր ծայրերում, որոնց մասին առաջ չէիք էլ լսել։ Երբ 47-ամյա տեխասցի Բիլլի Բոբ Հարրել կրտսերը, որը հազիվ էր ընտանիքը կերակրում աղքատիկ աշխատավարձով, շահեց ավելի քան 30 միլիոն դոլար, առաջին միտքը սա էր՝ լա′վ, ես հիմա միլիոնատեր եմ, բա խեղճ հարազատնե՞րս։ Ու սկսեց տներ եւ բնակարաններ գնել ազգականների համար, տասնյակ հազարավոր դոլարներ փոխանցեց եկեղեցուն, իսկ 500 ամենաաղքատ տեղացիներին 500 հնդկահավ նվիրեց։ Բայց հետո սկսվեց մղձավանջը՝ հեռախոսազանգեր տասնյակ մարդկանցից, որոնք պնդում էին, թե անմիջական ազգակցական կապեր ունեն Բիլլիի հետ եւ սրտաճմլիկ դրվագներ էին պատմում նրա մանկությունից, մյուսները ինչ-որ հին լուսանկարներ էին բերում, որոնց վրա գրեթե բան չէր երեւում, եւ ասում էին, թե դրանցում հենց Բիլլին է պատկերված իրենց տանը՝ Մոլլի մորաքրոջ հետ, որի մասին Բիլլին ընդհանրապես առաջին անգամ էր լսում։ Մի խոսքով, մարդուն հասցրին այն օրին, որ նա բռունցքը խփեց սեղանին եւ ասաց. «Հանգի′ստ թողեք ինձ, ես այլեւս ոչինչ չունեմ»։ Սուտ չէր ասում՝ 30 միլիոնից իրոք ոչինչ չէր մնացել։
Համոզվեցի՞ք, որ շատ էլ ճիշտ էր անգլիացի Ադրիանի բաժակակից ընկերը, որը Հեյվերհիլ գավառական քաղաքի հարմարավետ գարեջրատանը Գիննեսի երրորդ գավաթը դատարկելուց հետո խորհուրդ տվեց. «Հենց որ խոշոր գումար շահեցիր, թող ու փախի′ր»։
Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

Related posts

Եթե ռուս պաշտոնյաները չսպառնային Փաշինյանին, նա Սանկտ Պետերբուրգ չէր գնա. փորձագետ

admin

Կարգին Ամանոր, Դեկտեմբերի 31 21։30

admin

Ինչպե՞ս է Տիգրան Արզաքանցյանը շնորհավորում Ամանորը

admin