Ջեմմա Ադամյանը՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման մասին

loading...
 

Մայիսի 30-ին եւ 31-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրեմիերան, որը նվիրված է 2016-ի արցախյան քառօրյա պատերազմին: Այս ներկայացման մեջ ներգրավված է դերասանուհի Ջեմմա Ադամյանը, ով վերջերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունում արժանացավ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչմանը: Life.panorama.am-ի հետ զրույցում Ջեմման պատմել է ներկայացման ստեղծման մասին:Մենք ներկայացում ենք թիկունքը պատերազմի ժամանակ. Ջեմմա Ադամյանը՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման մասին

«Ինչպես ասում է ներկայացման ռեժիսորը՝ Լյուդվիգ Հարությունյանը, ամեն ինչ սկսվեց մի փոքրիկ ռեպորտաժից: Այդ ռեպորտաժը դարձավ պիես, որի հեղինակը Անահիտ Աղասարյանն է։ Իսկ այդ պիեսն էլ վերածվեց ներկայացման, որի բեմադրող ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է: Այս ներկայացման աշխատանքները տեւել են շուրջ մեկ տարի եւ արդեն մայիսի 30-ին եւ 31-ին այն կհանձնվի հանդիսատեսի դատին»,- նշեց Ջեմման ու շարունակեց.

«Ներկայացման ծնվելու համար աշխատել է մի ամբողջ թիմ՝ նկարչական ձեւավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, զգեստների ձեւավորումը՝ Լուսինե Խաչատրյանինը։ Այս ներկայացման համար գրվեց նաեւ հատուկ երաժշտություն, որի կոմպոզիտորը ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն է. Իմիջայլոց՝ մայիսի 9-ին կկայանա ներկայացման համար գրված երաժշտության տեսահոլովակի պրեմիերան, որի ռեժիսորն էլ Հրաչ Քեշիշյանը է: Դե իսկ ներկայացման գլխավոր դերերում հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր՝ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Հովհաննես Հովհաննիսյանը, Տիգրան Գաբոյանը»:

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին: Այն հենց պատերազմական օրերի մասին է, սակայն դերասանուհին նկատեց, որ հանդիսատեսը բեմում լաց չի տեսնի.

«Ի սկզբանե ասեմ, որ հանդիսատեսը լաց, ողբ, կրակոցներ, պայթյուններ չի տեսնելու։ Մենք ներկայացում ենք թիկունքը պատերազմի ժամանակ՝  հարսանիքը թիկունքում։ Չեմ ցանկանում չակերտները շատ բացել, բայց կասեմ, որ ներկայացման մեջ շատ է հումորը, դե դա, կարծում եմ, որ բնական է, որովհետև գործողությունները կատարվում են գյումրեցու ընտանիքում»,- հավելեց նա:

Իր հերոսուհու մասին խոսելիս՝ դերասանուհին նկատեց.

«Հերոսուհիս հայ աղջկա, հայ կնոջ հավաքական ու սիմվոլիկ կերպար է, ում հարսանիքը մնաց կիսատ, բայց նա դրանից չկոտրվեց ու չհուսահատվեց, այլ հավատաց ու հուսաց, լռեց ու սպասեց»։

Մասնակից դերասանուհու խոսքով՝ ներկայացման հիմնական հաղորդագրությունն այն է, որ մենք իրավունք չունենք կոտրվել, իրավունք չունենք հուսալքվել: Մենք պարտավոր ենք ժպտալ ու շարունակել ապրել։

«Վստահ եմ՝ մեր հերոսները հենց այդ էլ կհրամայեին մեզ ու մենք ուղակի պարտավոր ենք նրանց հրամանը կատարել»- ավարտեց նա:

Ի դեպ՝ Ջեմմա Ադամյանը վստահեցրեց, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացումը կխաղան նաեւ Երեւանում, միայն թե դերասանուհին դեռեւս դժվարացավ կոնկրետ ժամկետներ նշել:

 

loading...