Օլյան՝ «Էլենի օրագրում» իր կերպարի, թատրոն վերադառնալու նպատակի և որդիների դաստիարակության մասին

loading...
 

Դերասանուհի Օլյա Հակոբյանը, ով այժմ հեռուստադիտողին է ներկայանում «Էլենի օրագիրը» սերիալում, թատրոն վերադառնալու ցանկություն ունի։ Tert.am Life-ի հետ զրույցում Օլյան խոսել է իր մարմնավորած կերպարի, թատրոն վերադառնալու նպատակի և երկու որդիների մայրիկ լինելու հաճելի պարտականության մասին:

 

«Շուրջ 9 տարի է, համագործակցում եմ «Շանթ» հեռուստաընկերության հետ: «Էլենի օրագիրը» սերիալի նկարահանող անձնակազմում ինձ շատ հարազատ մարդիկ են, որովհետև նրանց հետ աշխատել ենք նաև նախորդ սերիալում»,-ասաց դերասանուհին և ավելացրեց, որ հեռուստատեսային առաջարկներն ընդունելիս երկու կարևոր հանգամանք է հաշվի առնում` սցենարը, մասնավորապես, իր կերպարը և հոնորարի չափը:

 

Օլյան նշեց, որ որպես դերասանուհի իր համար բացարձակ տարբերություն չկա՝  մարմնավորած կերպարն իրեն մո՞տ է, թե՞ ոչ, քանի որ կերպարը չի խաղում իր էությանը հարմարեցնելով: Խոսելով «Էլենի օրագրում» իր հերոսուհու՝ Վիկայի մասին, Օլյան նկատեց. «Վիկան բացասական կերպար չէ: Նա պարզապես փոքր-ինչ անհանգստացող ծնողի կարգավիճակում է, թեև հորաքրոջ դերն եմ խաղում, տվյալ պարագայում մոր փոխարեն եմ հանդես գալիս, քանի որ հերոսուհու մայրը բացակայում է, երկրից։ Կերպարիս հետ չունեմ որևէ նմանություն: Անկեղծ ասած, նման իրավիճակում չեմ էլ հայտնվել, որ կարողանամ ասել՝ ինձ ինչպես կդրսևորեի: Ես, ըստ կերպարի, կառուցում եմ խաղս»:

 

 

Դերասանուհին նշեց, որ  պարբերաբար մասնագիտական աչքով հետևում է իր խաղին։ «Ինքնաքննադատությամբ չեմ զբաղվում, բայց ինքնակատարելագործմամբ, միանշանակ, պետք է զբաղվել, հակառակը հետընթացի կբերի, իսկ դա իմը չէ»,– նկատեց նա:

 

Օլյան ասաց, որ իր հիմնական խաղընկերոջ՝  Էրվին Ամիրյանի հետ է նկարահանման հրապարակում  ծանոթացել, իսկ դերասանների մեծ մասին շատ լավ ճանաչում է, ոմանց հետ էլ շատ մտերիմ է: Օլյայի խոսքով, թեև այս շրջանում հիմնական զբաղվածությունը «Էլենի օրագրում» է, այլ նախագծերում առայժմ չի ներգրավվի, թատրոն վերադառնալու նպատակ ունի:

 

«Իհարկե, եթե չլինեն հեռուստատեսային առաջարկները և միայն թատրոնում աշխատես, ֆինանսական առումով բարդ կլինի, բայց անպայման վերադառնալու եմ թատրոն, թեև դեռ չեմ հասցնում հանդես գալ թատրոնում, որովհետև ունեմ երկու փոքր երեխա։ Թատրոնը դերասանին տալիս է այն ամենը, ինչը չի տալիս հեռուստատեսությունը: Այստեղ խոսքն ավելի շատ մասնագիտական, հոգևոր աշխարհի, հանդիսատեսի հետ ուղիղ շփման, էներգիայի մասին է: Ես ուսանողական տարիներին եմ խաղացել իմ կուրսղեկի՝ Արմեն Մազմանյանի՝  «Գոյ» թատրոնում, հետո ամուսնացա և այլևս թատրոն մուտք չեմ գործել»,-ասաց նա՝ առայժմ չնշելով, թե որ թատրոնում հանդիսատեսն իրեն կտեսնի:

 

 

Անդրադառնալով ընտանեկան կյանքին՝ Օլյան նշեց, որ փորձում է բազմազբաղ առօրյայից շատ ժամանակ հատկացնել երկու որդիներին, թեև աշխատանքը, երբեմն, իր «սև գործն» անում է։

 

Օլյան և դերասան Աբել Աբելյանը, ովքեր տարիներ առաջ ամուսնալուծվել են,  երկու որդի ունեն՝ 5 տարեկան Էրիկը և երեքուկես տարեկան Ռոբերտը: «Իմ երեխաներն ունեն շատ լավ հայր և պահում են նրա հետ շփումը»,– ասաց դերասանուհին։

 

Որպես մայրիկ` Օլյան իրեն բնորոշեց և՛ խստապահանջ, և՛ ընկերական՝ կախված նրանից, թե որ իրավիճակում ինչպես է անհրաժեշտ: Օլյայի խոսքով` որդիները կամակոր չեն, հավասարակշռված երեխաներ են. «Եթե ասեմ, տղաներս շատ չարաճճի են, սխալ կլինի, բայց աշխույժ երեխաներ են: Կապ չունի՝ երեխադ տղա՞ է, թե՞ աղջիկ,  երեխայի դաստիարակությունը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Որդիներիս դաստիարակության հարցում ես ամենից շատ կարևորում եմ լավ մարդ մեծացնելը»,- ասաց դերասանուհին:

 

Օլյայի որդիները, թեև դեռ փոքր են, բայց, մայրիկի խոսքով, արդեն բարձրաձայնում են, թե ինչ մասնագիտություն են ընտրելու. «Մեծ տղաս ուզում է բժիշկ դառնալ, չգիտեմ` դեռ քանի անգամ կփոխվի ցանկությունը, փոքրս դեռ չի կողմնորոշվել: Ասում է, որ ինքը մեծանալու է ու դառնա Spider Man:) Բարեբախտաբար, նրանցից ոչ ոք դերասան դառնալ չի ուզում:  Ամեն դեպքում, ես չեմ պարտադրելու, բայց ուրախ կլինեմ, որ դերասան չդառնան»,- եզրափակեց դերասանուհին:

 

 

loading...