Երևանի և Մոսկվայի հարաբերությունները փոխվելու են... Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Россия 24 հեռուստաալիքին. ԲԱՑԱՌԻԿ

loading...
 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ հարաբերությունները Երևանի և Մոսկվայի միջև ավելի լավը կդառնան:

«Կարծում եմ, որ հարաբերությունները Երևանի և Մոսկվայի միջև կփոխվեն, սակայն միայն դեպի լավը: Ես գրեթե վստահ եմ դրանում: Հասկանում եմ, որ Մոսկվայում մտահոգություններ կան, և կարծում եմ, որ մեր զրույցներից հետո, մեր հանդիպումներից հետո այդ մտահոգությունները չեն լինի, և ամեն ինչ հայ-ռուսական հարաբերություններում կփոխվի դեպի լավը»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում իրականացված ցույցերն արտաքին քաղաքականությանն առնչվող նպատակներ չեն հետապնդել, և կատարվածը ներքին քաղաքական գործընթաց է եղել՝ կապված ներքին խնդիրների հետ:

Նա շեշտել է, որ արևմտամետ կամ ռուսամետ գործիչ չի հանդիսանում: «Ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ ամերիկամետ, ո՛չ իրանամետ և ո՛չ էլ վրացամետ: Ես հայամետ եմ: Ներկա պահին ես վարչապետ եմ և հանդես չեմ գալիս որպես որևէ խմբակցության կամ կուսակցության անդամ: Ես այժմ ներկայացնում եմ հայ ժողովրդին և համազգային շարժումը, որը ոչ մի արտաքին քաղաքական հարցեր չէր դրել իր առաջ»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քաղաքական ճգնաժամից հետո չի փոխվելու:

Անդրադառնալով ԵԱՏՄ օրակարգին և կառույցում ՀՀ ներկայացուցչական կազմի փոփոխություններին՝ Փաշինյանը նշել է, որ աշխատելու է այն օրակարգի շուրջ, որն արդեն առկա է, ինչպես նաև քննարկումներ է անցկացնելու ընթացքում ի հայտ եկող հարցերի շուրջ: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում հայկական ներկայացուցչության կազմում որոշակի կադրային փոփոխություններ կլինեն:

Փաշինյանը հավելել է, որ մայիսի 14-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում պատրաստվում է ինչպես լսել և ծանոթանալ իրավիճակին, այնպես էլ հանդես գալ առաջարկով:

Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանի գործունեությանն ու ներուժի իրագործմանը՝ վարչապետը նշել է, որ այդ կառույցում ևս կան հարցեր, որոնք պետք է հստակեցվեն, օրինակ՝ թե ինչ պարտականություններ ունեն ՀԱՊԿ անդամ երկրները միմյանց նկատմամբ, և թե ինչ պարտականություններ ունի Հայաստանը գործընկերների նկատմամբ որոշակի դեպքերում: Նրա խոսքով՝ անդամ երկրների ժողովուրդների համար անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ են նշանակում այդ պարտականությունները գործնականում:

«Մենք պետք է համագործակցության հստակ ծրագիր ունենանք, օրինակ՝ թե ինչպես պայքարել ահաբեկչության դեմ, թե ինչ պետք է անի երկրներից յուրաքանչյուրը»,- ընդգծել է Փաշինյանը՝ խոսելով Կենտրոնական Ասիայում ահաբեկչական սպառնալիքների պարագայում ՀԱՊԿ-ի դերակատարության մասին:

Փաշինյանն ընդգծել է նաև, որ որևէ արտաքին ճնշում չի կարող ստիպել Հայաստանին դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում և ռազմական ոլորտում, քանի որ ՌԴ-ի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի ազգային և անվտանգության շահերից:

Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը հայտնել է, որ բարձր է գնահատում այն դիրքորոշումը, որը Ռուսաստանը ցուցաբերել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի լարվածության պահին՝ ցույց տալով իր հարգանքը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ:

 

loading...