«Ընտրություններում մենք պայքարում ենք միմյանց դեմ, իսկ այստեղ (նկատի ունի Ուկրաինան) կա արտաքին թշնամի եւ պետք է բոլոր ուժերն ուղղեն դրա դեմ»: Այս հայտարարությունն անում է անվտանգության եւ արտաքին հարցերի Եվրահանձնակատար Կայա Կալասը, խոսելով Ուկրաինայի նախագահի ընտրության մասին եւ ասելով, որ չի կարելի պատերազմի ժամանակ անցկացնել ընտրություն:
Կալասի հայտարարությունն ունի շատ խոսուն ենթատեքստ: Իսկ ենթատեքստն այն է, որ՝ Ուկրաինայում պատերազմը կանգնելու պարագայում Եվրոպայում կարող է ծավալվել ներեվրոպական հարաբերությունների փլուզման նոր փուլ: Այսինքն, Եվրոպան այսօր «պահվում» է ըստ էության արտաքին թշնամու վրա, եւ, եթե այդ կերպարը փոքր ինչ թուլանա, դա բերելու է Եվրոպայում ներքին մրցակցության ուժգնացման:
Կալասը ըստ էության նաեւ կամա, թե ակամա խոստովանում է, որ անգամ Ուկրաինայի նոր նախագահի ընտրության հարցում չկա եւ չի լինելու եվրոպական մեկ մոտեցում եւ ավելին, Ուկրաինայում սկսելու են միմյանց դեմ մրցել նաեւ հենց եվրոպական երկրները:
Սրանք կարեւոր շերտեր են, որոնք մենք պետք է պահենք ուշադրության կենտրոնում ու դիտարկենք, հասկանալու համար, թե օրինակ ինչի հետ գործ ունենք, երբ խոսում ենք Եվրոպայի մասին:
Իհարկե խոսքս չի վերաբերում այն շրջանակներին, որոնք այդ ամենի մասին մտածում կամ խոսում են ընդհուպ տասնամյակներով, դեռ ԽՍՀՄ տարիներից ձեւավորված «տիպային» կառուցվածքով, որոնց համար ժամանակը որեւէ կերպ առաջ չի շարժվել սառըպատերազմյան ժամանակաշրջանից:
Ժամանակին համընթաց լինելու համար մենք պետք է չմնանք այդ «սառցե դարաշրջանում», այլ շարժվենք, շարժենք մեր հայացքը, մտքերը,, փորձելով հասկանալ, թե ինչ երեւույթների հետ գործ ունենք միջազգային հարաբերություններում, հետեւաբար հնարավորինս ստույգ պատկերացնենք, թե մենք անելու ինչ գործեր ունենք:
