booked.net
+C

«Ժողովուրդ». Դեկտեմբերի 7-ին պարզ կդառնա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Դեկտեմբերի 7-ին պարզ կդառնա՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, կկալանավորվի, թե ոչ: ՀՀ վերաքննիչ դատարանում հինգ օր շարունակ դռնփակ նիստում ընթանում էր այս հարցի քննությունը, որին որպես մեղադրող կողմ մասնակցում էր անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քոչարյանի փաստաբանները դիմել են նաեւ նախկին նախագահի խափանման միջոցի ընտրության հարցը ՍԴ քննության ուղարկելու միջնորդությամբ, քանի որ, ըստ նրանց, գործ ունենք սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության դրույթի հետ:
Մինչդեռ դատախազությունը պնդում է անձեռնմխելիությունը բացարձակ չէ, Քոչարյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելիս դուրս է եկել սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակներից, եւ, վերջապես, ազատության մեջ մնալով` նախկին նախագահը կարող է թաքնվել քննությունից, իր դիրքն ու հեղինակությունն օգտագործել նախաքննությանը խոչընդոտելու, վկաների նկատմամբ ազդեցություն գործադրելու համար: Որքան էլ ներկայացված խնդիրը բացառապես իրավական տիրույթում է, հաշվի առնելով քրեական գործի բնույթը, Ռոբերտ Քոչարյանի անձը, պետք է արձանագրենք՝ հարցն, այնուամենայնիվ, քաղաքական նշանակություն ունի: ԵՒ այդ առումով պատահական չէ, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը դատարանը որոշելու է դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր առաջ: Միգուցե զուգադիպություն է, միգուցե՝ ոչ: Ամեն դեպքում, սպասենք դատարանի որոշմանը` միաժամանակ արձանագրելով, որ նախկին իշխանությունների նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքը դեռ չի մեղմվել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: