հայ երկրպագուի կողմից Արցախի դրոշով ու Մոնթեի նկարով շապիկով դաշտ մտնելու ակցիան հասել է նպատակին

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը նշել է, որ «Արսենալ»-Քարաբագ» խաղի ժամանակ հայ երկրպագուի կողմից Արցախի դրոշով ու Մոնթեի նկարով շապիկով դաշտ մտնելու ակցիան հասել է նպատակին: Նա այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Ընդգծել է, որ միջազգային մամուլը մանրամասն լուսաբանել է տեղի ունեցածն ու դրդապատճառները:

Տեղեկացնում ենք, որ ակցիան նպատակ չի հետապնդել որեւէ ֆուտբոլիստի կամ առավել եւս գունեղ ֆանտազիաներ ունեցող մարզչի վրա հարձակվելու։ Սպարտակը Արցախի դրոշով պետք է շարժվեր դեպի Հայաստանի ազգային հավաքականի ավագը՝ Մխիթարյանը։

Ակցիան միանշանակ հասավ նպատակին։ Իրականացրած ակցիայի շնորհիվ միջազգային մամուլը անդրադարձավ եւ լուսաբանեց Արցախի շուրջ ստեղծված խնդիրը ոչ միակողմանի եւ ադրբեջանական Ղարաբաղ ֆուտբոլային ակումբի կողմից հրամցված կերպով. անդրադարձ եղավ անարդարացիորեն Հենոյի՝ Բաքվում չխաղալուն եւ այլն»,- գրել է նա հրապարակելով հետեւյալ տեսանյութը. Հայ երկրպագուն խաղադաշտ էր ներխուժել հանդիպման վերջնամասում ու վազել դեպի պահեստայինների նստարան, որտեղ ՀՀ հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր: Անվտանգության աշխատակիցները հեռացրել են երիտասարդին:

Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի վերջին տուրի այս հանդիպմանը, ապա «զինագործները» 1:0 հաշվով հաղթանակ տարան «Քարաբագի» նկատմամբ: Ոչինչ չորոշող խաղում «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Մխիթարյանին խաղադաշտ դուրս չէր բերել: Հայ ֆուտբոլիստը չէր մասնակցել նաեւ խմբային փուլի՝ այս թիմերի առաջին հանդիպմանը, բայց այն ժամանակ զուտ այն պատճառով, որ անվտանգության նկատառումներով Բաքու չէր մեկնել: Այս խաղից հետո «Արսենալը» 16 միավորով E խմբում զբաղեցրեց առաջին տեղը եւ 1/16 եզրափակիչ դուրս եկան: