Աննա Հակոբյանը հաշվետվություն է ներկայացրել իր Շվեյցարիա կատարած այցի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Շվեյցարիա կատարած իր այցի մասին ֆեյսբուքի իր էջում հաշվետվություն է ներկայացրել։ Աննա Հակոբյանը գրել է․

«Հաշվի առնելով Շվեյցարիա կատարած իմ այցի շուրջ մեծ հետաքրքրությունը, հնչած տարատեսակ մեկնաբանությունները եւ լրագրողների չդադարող հարցերը, թե ինչ միջոցներով եմ այցելել Ժնեւ, հարկ եմ համարում մանրամասն հաշվետվություն ներկայացնել այցի մասին:

Եվ այսպես.

1. Գաղափարը: Ժնեւ այցելելու գաղափարը ծնվել է Շվեյցարիայի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների մոտ: Նման այց կատարելու առաջարկ ինձ ներկայացրել է Շվեյցարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը:

2. Ծախսերը: Այցի ընթացքում ինձ ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը, մամուլի խոսնակը, արարողակարգի բաժնի երկու ներկայացուցիչ: Անձամբ իմ, հիմնադրամի տնօրենի եւ մամուլի խոսնակի մասով այցի ծախսերը փակվել են հիմնադրամի միջոցներից, կառավարության արարողակարգի բաժնի աշխատակիցներինը` պետական միջոցներից:

3. Այսպիսով` հիմնադրամից ծախսվել է 3.613.034 ՀՀ դրամ, պետական միջոցներից` 2.516.000 ՀՀ դրամ: Շվեյցարիա կատարած այցի վրա հիմնադրամից եւ բյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 6.130.000 ՀՀ դրամ:

4. Արդյունքները: Ժնեւում ունեցած իմ հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները բոլորը միասին «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել 75,435,620.73 ՀՀ դրամ: Ձեռք են բերվել հետագա համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ:

Լուծվել է պետական նշանակության մի ծրագրի (400 հազար եվրո արժողությամբ) ֆինանսավորման հարցը:

Շվեյցարիայի խորհրդարանում ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, հայ կանանց դերը Հայաստանի հեղափոխության մեջ:

Եւ վերջապես, Ժնեւի համայնքի ներկայացուցիչների հետ ունեցել եմ անչափ ջերմ, սրտամոտ շփումներ, ճանաչել ենք իրար եւ ձեւավորել ենք հարաբերություններ, որոնք երբեք փողով չես չափի:

Շնորհակալություն ուշադրության համար»,-գրել է նա։