Վիեննայի հանդիսատեսը հիացավ հայկական մշակույթով (լուսանկար)

Հայ երաժիշտների փառահեղ ելույթը Վիեննայի հեղինակավոր Մուզիքֆերայն համերգասրահում
Դեկտեմբերի 18-ին` Սուրբ Ծննդյան նախօրեին, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած ծրագրով Վիեննայի հայտնի Մուզիքֆերայն համերգասրահում հանդես եկան աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, աշխարհի լավագույն դաշնակահարների ցանկում ընդգրկված դաշնակահարուհի Նարե Արղամանյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, ալտիստ Գայանե Միրզոյանը: Համերգին մասնակցեցին նաև հանրահայտ ջութակահար Յուրի Ռեվիչը, ճանաչված դաշնակահարուհի Դոնկա Անգաչևան և Գլիեր կվարտետը:
Երեկոյի գլխավոր նպատակն էր օտարերկրյա հանդիսատեսին ծանոթացնել հայ դասական արվեստի հետ` ներկայացնելով հայ մշակույթը և երաժշտությունը:
Լեփ-լեցուն դահլիճում Վիեննայի հուզված հանդիսատեսը հոտնկայս ծափողջյունների և բրավոների ներքո երկար ժամանակ բաց չէր թողնում երաժիշտներին` ցանկանալով ունկնդրել հայ դասական կոմպոզիտորների հավելյալ ստեղծագործություններ: Այնուհետև հայ համայնքի անունից շնորհակալական խոսք հղվեց Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան դկ. Արման Կիրակոսյանին` յոթ տարիների իր անխոնջ և նվիրված աշխատանքի համար:

Համերգի կազմակերպիչներ Նարե Արղամանյանի և Գայանե Միրզոյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված բարեգործական ակցիայի, որում հորդորվեց հանդիսատեսին աջակցել աղետի գոտում բնակվող տուժած ընտանիքներին` Ամանորյա նվերի տեսքով:
Վերոհիշյալ համերգը կունենա շարունակական բնույթ, որում կնախապատրաստի Ավստրիայի հանդիսատեսին 2019/2020 համերգաշրջանում կայանալիք «Արմենիա» միջազգային փառատոնին` կիզակետ ընտրելով հայ երաժշտության և մշակույթի տարածումն ու ընդլայնումը ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան լավագույն երաժիշտների կողմից: Փառատոնը կհամալրվի կրթական ծրագրով, որի շրջանակում երիտասարդ տաղանդներին հնարավորություն կտրվի վարպետության դասընթացներ ունենալ աշխարհի լավագույն երաժիշտների հետ և միասին հանդես գալ հեղինակավոր բեմերում: