Նիկոլ Փաշինյան անդրադարձել է սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերին

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել զինված ուժերի մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստն այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչև կիսով չափ քիչ:

Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաև նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին: Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի: Առաջիկայում կարևոր որոշումներ կկայացնենք նաև գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով», – տեղեկացնում է Փաշինյանը: