Անի Սամսոնյանի 7 առաջարկներից 6-ը ընդունվել են

«Լույս» դաշինքի կողմից ավագանի ընտրված Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և նշել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացրել է առաջարկները 2019 թվականի Երևան քաղաքի զարգացման ծրագրում և բյուջեում ներառելու համար և ստացել պատասխանները:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև:

«1․ Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան h. 10 շենքի 1-ին, 2-րդ մուտքերի վերկանգնման-ամրացման աշխատանքների իրականացում։

Առաջարկն ընդունվել է։ Արզումանյան 10 շենքը ֆիզիկապես և բարոյապես մաշված է, ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան։ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակվում է ներդրումային ծրագիր՝ համայնք-մասնավոր համագործակցությամբ նոր բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով։ Սակայն շենքի սեյսմիկ վիճակի վատթարացման պարագայում կքննարկվի շենքի առաջին և երկրորդ մուտքերի վերականգնման և ամրացման հարցը։ Երևանի զարգացման 2019 թ․ ծրագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջացել։

2․Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրում, ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպում, տանիքի և բազրիքների տեղադրում։ Երկարաժամկետ պլանում դիտարկել նաև շենքում վերելակ տեղադրելու հարցը։

Առաջարկն ընդունվել է։ Նազարբեկյան 48 շենքի (9 հարկանի) շենքի 9-րդ հարկը և տանիքը կառուցված չեն, տեղադրված չեն վերելակները, մուտքերի բազրիքները և մուտքերը հարդարված չեն։ Հաշվի առնելով, որ շենքը կիսակառույց է, առաջարկում ենք 2019թ․ ծրագրերի շրջանակներում պատվիրել շենքի տեխնիկական վիճակի հետազոտման աշխատանքներ և համապատասխան եզրակացության ստանալուց հետո ձեռնարկել միջոցառումներ։ Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջացել։

3․ Գյուղատնտեսական մթերքների իրացման նոր շուկայի ստեղծում, որը կարող է կարգավորել բացօթյա առևտրի խնդիրը՝ մասնավորապես քաղաքացիների առողջապահական անվտանգությունը, քաղաքի բնապահպանական, սանիտարական և մաքրության խնդիրը, ինչպես նաև՝ գյուղատնտեսական մթերքների առևտրով զբաղվողների սոցիալական խնդիրը։

Առաջարկն ընդունվել է։ Առաջարկությունը ներառված է Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրում։ Երևանի զարգացման 2019 թ, ծրագրի «Առևտուր և սպասարկումներ» ոլորտի 2019 թվականի նախատեսվող աշխատանքներ բաժնի 6-րդ կետում նշվում է, որ մասնավոր ներդրումների հաշվին գյուղմթերքի փոքրածավալ շուկաներ ստեղծելու նպատակով նախատեսվում է դրանց տեղակայման վայրերի որոշում, քաղաքաշինական փաթեթի մշակում և կառուցում։

4․ Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի Շոպրոն փողոցի h. 8 շենքի տանիքի վերանորոգում։ Դիմումը ստացել եմ շենքի բնակիչներից (6-րդ լուսանկար)։

Առաջարկն ընդունվել է։ Երևանի զարգացման 2019 թվականի Կոմունալ տնտեսության ոլորտի «2019 թվականին նախատեսվող աշխատանքներ» բաժնում նշվում է, որ կիրականացվի բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 60 հազ քմ հարթ և 30 հազ․ քմ թեք տանիքների վերանորոգում։ Նշված հասցեն ներառված է ծրագրում։

5․ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցի h. 99 շենքի 1-ին մուտքի բարեկարգում։

Առաջարկն ընդունվել է։ Երևանի զարգացման 2019 թվականի Կոմունալ տնտեսության ոլորտի «2019 թվականին նախատեսվող աշխատանքներ» բաժնում նշվում է, որ նախատեսվում է հիմնանորոգել բազմաբնակարան շենքերի շուրջ 700 շքամուտք։ Նշված հասցեն ներառված է ծրագրում։

6․Դավթաշեն վարչական շրջանի մեջ ներառված սեփական բնակելի հատվածի 7-րդ փողոցի սկզբնամասի (16 թաղամասից դեպի այդ փողոց ընկած հատվածը) ասֆալտապատում և փողոցային լուսավորության ապահովում (Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ավագանու նախկին անդամ Հարություն Բաբայանի այս առաջարկը մերժվել է դեռևս նախորդ տարի 2018 թվականի բյուջեում ներառելու համար)։

Առաջարկն ընդունվել է։ Դավթաշեն վարչական շրջանի 7-րդ փողոցի սկբնամասի ասֆալտապատումը և փողոցային լուսավորության ապահովումը կներառվի Դավթաշեն վարչական շրջանի 2019 թվականի զարգացման ծրագրում։

7․ Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում բակի բարեկարգում, մասնավորապես նստարանների և խաղահրապարակի տեղադրում։

Առաջարկը չի ընդունվել, քանի որ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեն չունի բակային տարածք և կառուցված են ավտոտնակներ։ Ավտոտնակների տանիքը որպես բակային տարածք բարեկարգելու համար անհրաժեշտ է սեյսմիկ հետազոտություն։ Սակայն անմիջապես հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2) գոյություն ունի բակային բարեկարգ տարածք։

Հետևողական եմ լինելու խոստացված աշխատանքների ամբողջ ընթացքին»,- գրել է Անի Սամսոնյանը: