Այսօր քննվելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Նիստը քննվելու է դռնփակ: ՀՀ երկրորդ նախագահն, ամենայն հավանականությամբ, նիստին չի մասնակցի:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Պաշտպանները դատարանին խնդրել են ներկայացված միջնորդությունը քննել օրենքով նախատեսված հնարավոր սեղմ ժամկետում:

Միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի՝ 27.07.2018թ․ որոշումից անցել է ավելի քան չորս ամիս և այդ ընթացքում որևէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել, ինչը չեն հերքում ո՛չ վարույթն իրականացնող մարմինը, ո՛չ էլ՝ Գլխավոր դատախազությունը:

Ուստի, պաշտպանական կողմը գտնում է, որ որևէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար:

Բացի այդ, ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաև այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունն սահմանափակվել է ապօրինի, և գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է, որով ազգային դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:
Ինչ վերաբերում է գրավի չափին, ապա պաշտպանների կողմից գրավի չափ չի նշվել, և սահմանվող գրավի չափը դատարանին են խնդրել որոշել: