Վահագն Հարությունյանը կկալանավորվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ 2018թ. տարեվերջին հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաև 2018թ. նոյեմբերի 2–ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։