Ի՞նչ հարցեր է քննարկել վարչապետի պաշտոնակատարը քաղաքապետարանում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց՝ վարչապետի պաշտոնակատարը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ քննարկել է թիմին վերաբերող հարցեր: Աբրահամյանի խոսքերով՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո նման ձևաչափով հանդիպում չէր եղել:

«Այդ հանդիպումը նրա համար էր, որպեսզի հասկանայինք՝ ինչ հարցեր կան, ինչ խնդիրներ կան, որքանով է ճիշտ ընթանում մեր աշխատանքը, որքանով ենք կարողանում հաղորդակցման ճիշտ խողովակներով արդյունավետ աշխատել, արդյո՞ք ինչ-որ խնդիրներ կան, որոնք ինքը (խմբ. – վարչապետի պաշտոնակատար) իր ձևով կարող է լուծել»,- հայտնեց Աբրահամյանը:

Գայանե Աբրահամյանի խոսքերով՝ հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է եղել ավագանու անդամների իրականացրած աշխատանքի հանրայնացմանը: Ներկաները եզրակացության են եկել՝ իրենց իրականացրած աշխատանքը հանրությանը տեսանելի չէ. պետք է այդ ուղղությամբ աշխատել:

«Ընդդիմադիրների գործիքակազմը շատ ավելի հեշտ է՝ աղբը տեսան, նկարեցին, բայց հետո, թե աղբը ինչպես եկան, տարան և քանի ավագանի զանգեց թաղապետին, թաղապետի հետ ինչպես գնացին, «Սանիթեքին» ստիպեցին, բերեցին կամ մեքենա վարձեցին (ինչպես տարբեր տեղերից այս ընթացքում եղավ՝ հավելյալ մեքենաներ գտնվեցին, վարձվեցին). այդ ամբողջ պրոցեսը չի ներկայացվում և տպավորություն է ստեղծվում, որ կարծես ոչինչ չի արվում»

Բացի դրանից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին առնչվող հարցեր, մասնավորապես` ավագանու անդամների լիազորությունների վերաբերյալ, որոնք, ըստ Աբրահամյանի, շատ խորհրդանշական բնույթ են կրում:

Նրա խոսքերով՝ ավագանու անդամները շատ հարցեր լուծելու իրական լծակներ չունեն: Խմբակցությունում համակարծիք են, որ օրենքում փոփոխություններ են անհրաժեշտ և առաջիկայում պատրաստվում են առաջարկություն ներկայացնել խորհրդարանին: