«Մյուս անգամ, որ խոսում եմ, խնդրում եմ չմիջամտել, եղա՞վ». բանավեճ Միքայելյանի և Մարուքյանի միջև

Այսօր Ազգային ժողովում ԱԺ 3-րդ փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ բանավեճ է տեղի ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև:

«Մենք չենք վիճարկում, որ ԲՀԿ-ն ԱԺ երկրորդ քաղաքական ուժն է: Դա փաստ է: Մենք վիճարկում ենք այն, թե արդյո՞ք ԱԺ 3-րդ փոխնախագահը պետք է լինի՞ ԲՀԿ-ից, թե՞ ԼՀԿ-ից: Մենք ասում ենք՝ մենք ենք այդ տեղի հավակնորդը, որովհետև մեր փոխխոսնակը՝ որպես ընդդիմադիր, կլինի ավելի լավը: Որևէ անձնական բան չկա, մենք ձեր հետ կռիվ չունենք, որովհետև դուք չեք որոշելու, կլինի՞ տիկին Թանդիլյանը փոխնախագահ, թե՞ ոչ: Մեր կռիվը իրենց հետ է, իրենք պետք է պատասխան տան»,- դիմելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանին ասաց Մարուքյանը:

Վերջինի «իրենք» արտահայտությունը, որով նա դիմել էր քաղաքական մեծամասնությանը կոպիտ արձագանքեց Սասուն Միքայելյանը։

«Բան ունե՞ք ասելու, պարո՛ն Միքայելյան»,- հարց ուղղեց Սասուն Միքայելյանին Էդմոն Մարուքյանը։ Նի իր հերթին հարցն ուղղեց Մարուքյանին․ «Ու՞մ նկատի ունեք «իրենք» ասելով»:

«Պարո՛ն Միքայելյան, եթե ուզում եք, գրանցվեք, ելույթ ունեցեք, խնդրում եմ, տեղից մյուս անգամ իմ ելույթի ժամանակ չմիջամտեք, եղա՞վ: Դուք բանախոսի հետ բանավեճի մեջ եք մտել, ինձ լավ ճանաչում եք, ես էլ ձեզ»,- պատասխանեց Մարուքյանը: