Արմեն Սարգսյան:Նավթի ու ջրի համադրությունը Հայաստանում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ կատարած այցի ընթացքում Աբու Դաբիում հանդիպելով հայ համայնքի հետ, ուշագրավ անդրադարձ կատարեց նավթի ու ջրի այսպես ասած արժեքային հարաբերակցությանը, խոսելով իհարկե ընդհանրապես պետական զարգացման հեռանկարների մասին: Արմեն Սարգսյանը նշեց, որ Էմիրությունները պատրաստվում են այն օրվան, երբ նավթը կսպառվի, եւ այդ մասին նրա հետ զրույցում խոսել է նաեւ շեյխ Մոհամմադ բեն Զայիդը:
Սարգսյանը նշեց, թե շեյխը հայտնել է, որ ուրախությամբ են սպասում եւ պատրաստվում այդ օրվան: Տողատակը հասկանալի է՝ նավթի շնորհիվ հսկայական տնտեսա-տեխնոլոգիական թռիչք արձանագրած Էմիրությունները գիտակցում են այդ ռեսուրսի սպառման հարցը եւ պատրաստվում «կյանքին նավթից հետո»:
Իրենք նավթ ունեն, մենք ջուր: Նավթը սպառվում է եւ 20-50 տարի հետո ջուրը ավելի արժեքավոր կլինի, քան նավթը, հայկական համայնքի հետ հանդիպմանն ասել էր Արմեն Սարգսյանը, դիտարկելով դա Հայաստանի ապագայի «բաժակի» ամբողջությամբ լցված լինելու համատեքստում:
Արմեն Սարգսյանի պարզ հայտարարությունը հայկական համացանցում արժանացել է պարզունակ մեկնաբանությունների, անգամ անձանց շրջանակում, որոնք համարվում են խոշոր տնտեսագետներ եւ զբաղեցրել են բարձր պաշտոններ:
Մինչդեռ, Հայաստանի նախագահը շարադրել էր նավթի ու ջրի համադրության մի պարզ «բանաձեւ», որի օրինակի վրա փորձել էր կառուցել ապագայի հանդեպ հայության վստահությունն ու ինքնավստահությունը, հաղթահարելու համար թերարժեքության բարդույթները եւ ասելով, որ մենք ոչ միայն ոչինչ չենք համաշխարհային գործընթացներում, այլ նաեւ ունենք ռեսուրսներ, որոնք ժամանակի ընթացքում դառնալու են առավել արժեքավոր:

Պարզապես խնդիրն այն է, որ մենք կարողանանք ճիշտ գնահատել մեր ռեսուրսներն ու կարողությունները, հասկանանք, թե ինչ կարող ենք տալ աշխարհին, ինչ կարող ենք վերցնել, ըստ այդմ փոխադարձ եւ համընդհանուր գեներացիայի մեխանիզմում ինչպիսի տեղ ու դեր կարող ենք ունենալ: Այստեղ արդյունավետության համար անհրաժեշտ է ոչ թե ունեցածի պարզ գույքագրում, այլ նաեւ համաշխարհային կարիքների եւ միտումների գնահատում:

Արմեն Սարգսյանը իր քաղաքական ելույթում մատուցում է Էմիրությունների սպառվող նավթն ու դրանով պայմանավորված նրանց ռազմավարական տնտեսական խնդիրները, կարիքները՝ Հայաստանի ջրային ռեսուրսների առատության ու հարստության եւ այդ համատեքստում Հայաստանի տնտեսական ռազմավարության խնդիրների հետ համադրելու հնարավորությունը: Կոնկրետ օրինակով՝ 20-50 տարվա հեռանկարային դիտարկումով եւ այդ ուղղությամբ արդեն այսօր աշխատանք սկսելու տողատակով: