Արմեն Սարգսյանն ասել էր հեղափոխությունից առաջ

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին, Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, որը Կանադայից է եւ մինչ այդ ղեկավարել է Հայ դատի Կենտրոնական խորհուրդը:

ՀՅԴ նոր Բյուրոն եւ նոր ներկայացուցիչը ընտրվել են օրերս Արցախում տեղի ունեցած Ընդհանուր Ժողովի արդյունքում: Փաստացի, ժողովը թարմացրել է կուսակցության ղեկավար կազմը, փոխել ներկայացուցչին: ՀՅԴ այդ քայլը սպասված էր, հաշվի առնելով այն, որ կուսակցության գրեթե երկու տասնամյակի ղեկավարության աշխատանքի հետեւանքը փաստորեն եղել է այն, որ Դաշնակցությունը վերածվել էր Հայաստանի իշխող համակարգի կցորդ կուսակցության, եւ այդ համակարգի փլուզումից հետո, թեեւ հասցրեց հինգ րոպե առաջ միանալ թավշյա հեղափոխությանը, այդուհանդերձ անկարող եղավ մինչեւ վերջ համարժեք լինել գործընթացին եւ չհաղթահարեց նաեւ խորհրդարանի ընտրության անցողիկ շեմը:
Խոշոր հաշվով, պահպանելով իր համահայկական ընդգրկվածությունն ու վերկուսակցական ներուժը, Դաշնակցությունն իր պրակտիկ գործունեությամբ նեղացել էր Հայաստանում իշխող համակարգի տրամաչափի աստիճան՝ թե այդ համակարգի շահերի ու խնդիրների, թե մտածողության եւ աշխարհընկալման տրամաչափի:
Արցախում անցկացված Ընդհանուր Ժողովը բացու՞մ է Դաշնակցության տրամաչափը առկա ներուժին եւ բնույթին համարժեք: Դա հարց է, որի կազմակերպական պատասխանը տրվել է՝ նոր Բյուրոյի եւ ղեկավարի տեսքով, բայց որը դեռեւս ունի ավելի կարեւոր՝ բովանդակային պատասխանի անհրաժեշտություն:
Դրա իհարկե նախնական կարեւոր ցուցիչ էր օրեր առաջ Արցախի հարցի վերաբերյալ Ընդհանուր Ժողովի հայտարարությունը, որը սահմանում էր կարեւոր քաղաքական-համահայկական նշաձողեր այդ հարցում եւ ուներ ընդհանրապես նոր իրավիճակում պետական քաղաքականությունը համալրելու, հարստացնելու շոշափելի ներուժ:

Ինչ քայլեր կհաջորդեն դրան, Դաշնակցությունը դեռ պետք է ցույց տա: Այդ իմաստով, նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը ոչ միայն արարողակարգային է, այլ նաեւ խորհրդանշական է բովանդակային իմաստով, թե Արցախի խնդրի, թե ընդհանրապես հայկական պետականության խնդիրների լայն ընդգրկումով:
Բանն այն է, որ դեռեւս 2018-ի փետրվար-մարտին, խոսելով Արցախի հարցում հետագա բանակցությունների մասին, Արմեն Սարգսյանը՝ մինչ այդ Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձի հավակնորդներից առաջինը հայտարարեց, որ բանակցության պետք է գնալ ամեն ինչ ուզելու մոտեցումով: Այլ հարց է, թե ինչ կստացվի հետո՝ ընթացքում, սակայն գնալ պետք է այնպես, որ դիմացինի համար հստակ լինի՝ մենք պահանջելու ենք ամեն ինչ:
Սա հիմնարար մոտեցում է, որը տրամագծորեն հակառակ է այն պատկերին, ինչ եղել է նախորդ քառորդ դարում, երբ Հայաստանը փաստացի բանակցության է գնացել հակառակորդի իրավունքի ճանաչումով:
Այդ գործընթացում հայկական քաղաքականության քառորդդարյա տրամաբանությունից քայլ առ քայլ դուրս գալը Հայաստանի պետական ռազմավարության խնդիր է, որի լուծման գործում անկասկած կարեւոր է համահայկական ներուժի կիրառումը, դրա վրա հենվելու հանգամանքը: Եվ այստեղ անշուշտ Դաշնակցությունը ունի կարեւորագույն անելիք եւ նշանակություն:
Դրան զուգահեռ, խնդիրն այստեղ լայն է, եւ պետական ռազմավարության քայլ առ քայլ վերանայման այդ խնդիրը ենթադրում է ընդհանրապես հարցերի ավելի լայն համատեքստով դիտարկում: Այդ վերանայումը իրատեսական եւ հնարավոր է, եթե ուղեկցվում է ընդհանրապես հայկական պետականության կենսագործունեության, համաշխարհային կյանքում տեղի ու դերի, ըստ այդմ դրանից բխող անելիքների, պետականության փիլիսոփայության վերանայումով: Դա ենթադրում է առանցքային վերափոխումներ բոլոր ուղղություններով, կենցաղային հանրային համակեցությունից մինչեւ հասարակական-քաղաքական, տնտեսական համակարգերի եւ հանրային մշակույթի, արժեհամակարգերի վերափոխում:
Եվ դա էլ անհնար է առանց համահայկական ներուժի կիրառման, առանց հստակ պատկերացնելու հայերի համաշխարհային սփռման հանգամանքը՝ մի կողմից արժեքավորությունը, մյուս կողմից առանձնահատկությունն ու ռացիոնալ գնահատումն ու օգտագործումը:
Եվ այս իմաստով էլ Արմեն Սարգսյանը դրա պրակտիկ խորհրդանշականության կրողն է: Ինչ կստացվի Սարգսյանի եւ համահայկական դեր եւ նշանակություն ունեցող կառույցի նոր ղեկավարության շփումից, ընդամենն արարողակարգային լուսանկար եւ հաղորդագրությու՞ն, թե առարկայական մի գործընթաց, որը ներդաշնակորեն կտեղավորվի Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությամբ սկսված լայն եւ բարդ վերափոխումների համայնապատկերում: