Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները կքննվեն հունիսի 12-ին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները կքննվեն հունիսի 12-ին, ժամը 12-ին: Խոսքը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է: Երկու բողոքներն էլ մակագարվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին:

Քոչարյանի խափանման միջոցը փոխվել էր մայիսի 18-ին: Դրանից երկու օր անց` մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

նյութի աղբյուր՝
https://armtimes.com/hy/article/163375