booked.net
+C

ՀՀ հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ են եղել

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է եւ տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծը քաղաքական պրոցեսների պատճառով ազգային ժողով կմտնի արդեն 2019 թվականին:

Նախագիծը 15 օր կմնա վերոնշյալ կայքում, որից հետո արդեն ընտրական շրջանն է գալիս եւ արդեն մեխանիկորեն փոփոխությունները կարող են ընդունվել 2019 թվականի հունվարին, իսկ 6 ամիս անց այն արդեն ուժի մեջ կմտնի:

Նախագծի նպատակն ազգա­յին տնտե­սու­թյան մրցու­նա­կու­թյան եւ ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականցումն է, ինչ­պես նաեւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ավելի պարզեցումը:

Ինչ է առաջարկվում նախագծով, նշենք կետերով.

1) Առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնար­կա­տիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի եւ ընտա­նեկան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրո­ձեռ­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավա­բանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն. դրամը:

Առաջարկվում է սահմանել նաեւ, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համա­կարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են Օրենս­գրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով:

Հարկման համա­կարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմա­նել, որ՝

ա. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երեւան քաղաքի վար­­չա­­կան սահմաններում, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վար­չա­­կան սահ­մաններից դուրս՝ առեւտրի իրականացման վայրերում, առեւտրի կենտրոն­նե­րում եւ տոնա­վա­ճառ­ներում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազ­­­մա­կեր­պու­թյուն­ներն ու անհատ ձեռնարկատերերը:

բ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտները իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանա­փա­կում­ների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հինգ հազար դրամի չափով:

2) Առաջարկվում է նաեւ 2020 թվականի հունվարի 1-ից վերացնել արտոնագրային հարկի համակարգը՝ այդ հարկման համակարգի շրջանակներում ներկայումս հարկվող գործունեության տեսակ­ների հարկումը կազմակերպելով ընդհանուր սկզբունքներով:

3) Առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի 2019 թվա­կա­նի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվա­կա­նը աստիճանաբար նվազեցնել` 20 տոկոս:

Միաժամանակ, առաջարկ­վում է եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշա­կային հատկացումների պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը:

4) Առաջարկվում է 2020 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար երկու տոկո­սային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս:

5) Առաջարկվում նաեւ նվազեցնել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուր­­­նե­րից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը՝ 10 տոկոսի փոխարեն սահ­մա­նե­լով 5 տոկոս:

6) Շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւան­­քով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով առաջարկվում է`

ա. 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ առավել առաջանցիկ տեմպերով բարձրաց­նել ծխա­խոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքա­­չափերը: Առաջարկվում է բարձրացնել նաեւ օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն իրացման գներ՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ:

բ. 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­ների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպե­լիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները:

գ. 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքա­չափը:

դ. 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 եւ ավել ձիաուժ ունեցող մեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմա­նելով 150 դրամ:

7) Առաջարկվում է շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն. դրամ:

8) 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել շահումով խաղերի (այդ թվում ինտեր­նետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազ­մակերպ­­ման գործունեության հարկման մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունք­­ների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհա­նուր համակարգ:

Առաջարկվում է նաեւ վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջա­նակ­ներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմա­նելով, որ ֆիզի­կա­կան անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտա­յին հարկը հաշ­վար­կելու եւ պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի (այդ թվում ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) գոր­ծու­նեու­թյան կազ­մա­կերպիչը՝ որպես հարկային գոր­ծա­կալ: