booked.net
+C

«Ժամանակ». ՀՀԿ. Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը երեկ հայտարարել է իր նախընտրական կարգախոսի մասին՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»: ՀՀԿ-ն թերեւս մոռացել է ավելացնել, թե ինչի համար կամ ինչի մասին մտահոգության վերաբերյալ է կարգախոսը: Որովհետեւ, ի վերջո, կա շատ պարզ իրավիճակ եւ իրողություն՝ այդ կուսակցության քսան տարիների կառավարումը, քայլ առ քայլ բացարձակացած իշխանությամբ: Եվ այդ քսան տարիների կառավարման ընթացքում ՀՀԿ-ն քայլ առ քայլ ավելի ու ավելի է, այսպես ասած, գեղեցկացրել իր ճառերը, խոստովանել սխալներ ու թերություններ, անգամ կոռուպցիա, հայտարարել, թե իբր պայքարում է դրա դեմ, սակայն իրականում հանրությանը մատուցել ավելի ու ավելի վատ արդյունք:

Դա հիմք է տալիս եզրակացնել, որ, եթե ՀՀԿ-ն սխալվում էր, ապա, համենայնդեպս, ընդամենն իր բացարձակ իշխանության առաջին տարիներին, որովհետեւ հնարավոր չէ տասը տարի չգիտակցել սխալը եւ վերջապես չանցնել այն ուղղելուն: Որովհետեւ այդ սխալը չափազանց ակնառու էր, չափազանց թանկ էր արժենում պետության համար, եւ միաժամանակ ՀՀԿ-ն էլ չափազանց մեծ իշխանությամբ էր օժտված այդ սխալը ուղղելու քաղաքական որոշումներ կայացնելու համար, եթե լիներ կամքը: