Երևանի Կասկադը միշտ եղել է երևանցիների և Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը, սակայն համալիրի շինարարական աշխատանքները տարիներ շարունակ մնում են անավարտ։
Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո հույս է առաջացել, որ Կասկադն ի վերջո իր ամբողջական տեսքը կունենա։
Կառույցի համահեղինակ, ճարտարապետ Ասլան Մխիթարյանը պատրաստվում է Կասկադի անավարտ մնացած հինգերորդ հարթակը կառուցելու նախագծերը ներկայացնել քաղաքային նոր իշխանություններին և հասնել շատերիս կողմից սիրված համալիրի վերջնական ավարտին:
«Նախագծեր կան, քանի տարի է արվել են այդ նախագծերը, և ցանկալի կլինի, որ կարողանանք դա ներկայացնել հանրությանը, որովհետև դա որքան էլ մենք՝ ճարտարապետներս, մտածենք, որ այսպես ճիշտ կլինի, հանրությունը կարող է ունենալ այլ պատկերացում և այլ պահանջներ: Այդ պահանջները հաշվի առնելով՝ բերենք և ավարտենք այն, ինչը որ երկար տարիներ մնացել է անավարտ»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:
Կասկադի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է եղել, ով ցանկանում էր կառույցի միջոցով միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները:
Թանամյանի նախագիծը, սակայն, երկար տարիներ մոռացության մատնվելուց հետո սկսում է կյանքի կոչվել 1970 թվականի վերջին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի, ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի կողմից:
«Այն ժամանակ, երբ որ նախագաիծն արվում էր և հաստատվում էր անգամ Սովետական միության մակարդակով՝ Մոսկվայում, ներկայացվում էր որպես տրանսպորտային բավականին մեծ օգնություն մեր ունեցած սերպանտինին, որը իջնում է Աբովյան պուրակ, որը մինչ այժմ նման է ավտոկայանի: Մեքենաների և ավտուբուսների քանակն այսօր հասնում է կրիտիկական չափերի, եթե սա լինի, մոտավորապես 25 տոկոսով կբեռնաթափվեն փողոցները»,- նկատեց Ասլան Մխիթարյանը:
1988 թվականի երկրաշարժի և Խոհրդային միության փլուզման պատճառով Կասկադի շինարարությունն ընդհատվում է, և ավելի քան մեկ տասնամյակ յուրօրինակ ճարտարապետությամբ աչքի ընկնող այս կառույցը մնում է անտեսված:
Ասլան Մխիթարյանը բարեբախտություն է համարում ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճյանի հայտնությունը, ով 2002 թվականին անշահախնդրորեն նախաձեռնում է Կասկադի վերականգնումը: Հենց այս բարերարի շնորհիվ այսօր ունենք հիմնովին վերանորոգված, մեծամասամբ վերափոխված Կասկադը ներկայիս տեսքով:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքերով՝ Կասկադն ամբողջացնելու նախաձեռնությամբ պետք է հանդես գա Գաֆէսճյան հիմնադրամը, որի տնօրինության ներքո է գտնվում համալիրը, սակայն եթե գտնվեն այլ բարերարներ, ովքեր կորոշեն կառուցել 5-րդ հարթակը, ապա պետք է ստանան Գաֆէսճյան հիմնադրամի թույլտվությունը:
Նրա կարծիքով՝ Կասկադը յուրաքանչյուր երկրին պատիվ բերող կառույց է, որի ամբողջացումը ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված:
Ասլան Մխիթարյանն էլ գտնում է, որ նման մեծ շինարարությունները կարող են կազմակերպվել փուլ առ փուլ, բայց պետական հովանավորությամբ, որպեսզի կառույցի շահագործման պայմանների հետ կապված խնդիրներ չառաջանան:
Կասկադին անդրադառնալիս՝ ճարտարապետ Ռուբեն Արևշատյանը նկատեց, որ այն խորհրդային ուշ մոդեռնիստական ճարտարապետության վառ օրինակ է՝ իր մասշտաբով և լեզվամտածողությամբ, հետևաբար համալիրի ավարտը պետք է լինի այն նույն տրամաբանությամբ, որով կառուցվել է:
«Իմ տեսակետն է, որ այդ կառույցը պետք է շարունակի իր զարգացումը համահունչ այն լեզվամտածողությանը, որը որ ի սկզբանե առաջարկել էին ճարտարապետական խումբը: Պարոն Մխիթարյանն այդ խմբի մեջ էր, բնականաբար իր առաջարկած լուծումները տրամաբանական շարունակությունը պետք է ենթադրեն»,- ընդգծեց Ռ. Արևշատյանը:
Ըստ Ասլան Մխիթարյանի նախագծերի՝ Կասկադի վերջին հարթակն իրենից մշակութային ակտիվ գործող կենտրոն է ներկայացնում՝ մեծ համերգասրահով և ցուցասրահներով: Առաջարկվող տեխնոլոգիական լուծումներից է արևային պանելների կիրառումը, որը կսպասարկի համալիրն ամբողջությամբ:
Նշենք, որ Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս անդրադարձել է այս թեմային և ընդգծել, որ Կասկադն անպայման պետք է ավարտվի:
Սկզբնաղբյուրը՝ www.nt.am