Դավիթ Գարեջիի վանական համալիրի վիճելի տարածքի սահմանազատման գործընթացի նոր զարգացումները

Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Վրաստան կատարած այցից հետո երկրում նորից ակտիվ քննարկման առարկա դարձավ վրաց-ադրբեջանական սահմանի զատման հարցը՝ հատկապես Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում: Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ ձեռք են բերվել նոր քարտեզագրական նյութեր, նաև չբացառեց, որ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի շրջանակներում ձեռք բերված նոր քարտեզագրական նյութերը փոխեն 2006-2007 թթ․ ձեռք բերված համաձայնությունը:

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումն ԱԳՆ և ՆԳՆ աշխատակիցների ՝ Մելաշվիլիի և Իլիչևայի նկատմամբ, դատախազության միջնորդագրի հիման վրա։

Հոկտեմբերի 15-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի մասն Ադրբեջանին փոխանցելու գործով կալանավորված, սահմանազատման և գծանշման պետական ​​հանձնաժողովի երկու փորձագետների` Իվերի Մելաշվիլիի և Նատալյա Իլիչևայի նկատմամբ:

Անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ մինչև 2007 թվականը ներառյալ ձեռք բերված սահմանազատման համաձայնությունը որոշ հատվածներում չի համապատասխանում նախքան այդ գոյություն ունեցող՝ 1937-1938 թվականներին կազմված քարտեզներին, ինչի արդյունքում Վրաստանը զրկվում է շուրջ 3500 հա տարածքից:

Դատախազությունը մեղադրել է ձերբակալվածներին 1937-38 թվականների տեղագրական քարտեզի վրա ՊՆ-ից ստացված վկայագրի հիման վրա «համապատասխան փաստաթղթերն անտեսելու» մեջ, որը, ըստ քննության, ամբաստանյալները թաքցրել են հանձնաժողովի անդամներից, որպեսզի այն չօգտագործվի սահմանազատման գործընթացում: Ըստ այդմ, պետական սահմանի առանձին հատվածների համաձայնեցումը եղել է ոչ իրավաչափ և ի վնաս Վրաստանի շահերի։ Խոսքը Դավիթ Գարեջիի միջնադարյան վանական համալիրի մասին է, որի մի մասը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի վիճելի հատվածներում: Ի դեպ,առ այսօր համաձայնեցված է երկու պետությունների սահմանի 66% -ը:

Գործընթացին արձագանքել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Ադրբեջանը մեր հարևանն է, բարեկամը, ռազմավարական գործընկերը, և սահմանազատմանը վերաբերող ցանկացած հարց երկկողմ խնդիր է, որը կլուծվի ռազմավարական գործընկերության, բարեկամության և բանակցությունների արդյունքում», – ասել է նա: