Ջո Բայդենն իր ընտրվելու դեպքում հնարավոր է համարում մարիխուանայի համատարած օրինականացումը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն իր ընտրվելու դեպքում հնարավոր է համարում մարիխուանայի համատարած օրինականացումը։ Այս մասին նա հայտարարել է Ֆիլադելֆիայում նախընտրական միջոցառման ժամանակ։

Դեմոկրատն ընդգծել է, որ ճիշտ չի համարում թմրանյութերի օգտագործման համար պատժաժամկետներ սահմանելը։Նրա կարծիքով՝ նման մարդկանց պետք է ուղարկել վերականգնման։

Նա նշել է թմրակախվածության դեմ պայքարի հարցերում մասնագիտացած բուժհաստատությունների թվի ավելացման և մարիխուանայի ապաքրեականացման անհրաժեշտությունը։

Հինգշաբթի պետք է կայանար Բայդենի և Թրամփի հեռուստադեբատների երկրորդ փուլը, սակայն չեղարկվել էր այն պատճառով, որ Թրամփը հրաժարվել էր մասնակցությունից։ Նրան վրդովեցրել էր այն, որ կազմակերպիչները որոշել էին միջոցառումն անցկացնել վիրտուալ ձևաչափով՝ այն պատճառով, որ Թրամփը վերջերս հիվանդացել էր կորոնավիրուսով։ Արդյունքում հոկտեմբերի 15-ին ընտրողների հետ թեկնածուներն առանձին հանդիպումներ են անցկացրել, Բայդենը՝ Ֆիլադելֆիայում, Թրամփը՝ Մայամիում։