Ալեքսանդր Լապշինն առաջիկայում Արցախ այցելելու նպատակ չունի

Ի՞նչն է այս անգամ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Հայաստան բերել. «Հեռանկարի» տաղավարում վերջինս խոսել է այդ մասին։

«Երբ այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում՝ պատերազմներ, քաղաքական պայքար, կոնֆլիկտներ, սա հենց այն ժամանակն է, երբ բլոգերն ու լրագրողը կարող է իրեն իրացնել: Այսինքն՝ սա իմ աշխատանքն է, իմ մասնագիտական պարտականությունն է: Քանի այսպիսի վիճակ է Հայաստանում, ես այստեղ հաճախակի հյուր կլինեմ»,- ասել է Լապշինը:

Նա նշել է, որ վերջին ամիսներին ընկերներով փորձում են իրենց հնարավորությունների չափով օգնել և՛ վիրավորներին, և՛ զոհվածների ընտանիքներին, և՛ Արցախի փախստականներին:

«Եթե չչափազանցնեմ՝ մենք 100-ից ավելի ընտանիքների ենք այցելել. մոտավորապես այդքան էլ վիրավոր զինվորների ենք այցելել բուժհաստատություններում: Իհարկե, այս ամենից տպավորությունները շատ տխուր են, սակայն մյուս կողմից՝ դա իմ հրապարակումների և նկարահանումների, սյուժեների թեման է դառնում»,- ասել է բլոգերը:

Բլոգերն ընդգծել է, որ առաջիկա ժամանակահատվածում Արցախ այցելելու ծրագրեր չունի:

«Ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի հետ խնդիրներ կունենամ: Ուղղակի ես չեմ ուզում իմ այցով բարդացնել քաղաքական կյանքն այստեղ, քանի որ դա կօգտագործվի ինչ-որ քաղաքական ուժերի կողմից: Նախ՝ Իլհամ Ալիևը ստիպված կլինի դրան ինչ-որ կերպ արձագանքել, այլապես շրջապատը նրան կհամարի ոչ ազդեցիկ ղեկավար: Իսկ այս ամենը հիմա հարկավոր չէ: Եթե ամեն դեպքում որոշեմ գնալ Արցախ, ապա ես դա ավելի ուշ կանեմ, երբ հարմար ժամանակ լինի: Բայց ամենակարևորն այն է, որ հիմա Արցախ այցելելու մասնագիտական որևէ անհրաժեշտություն չկա»,- ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, որ արտասահմանցի լրագրողներին թույլ չեն տվել անցնել Արցախ՝ խորհուրդ տալով հավատարմագրվել Բաքվում՝ Լապշինն ասել է.

«Ես կարծում եմ, որ դա ինչ-որ մասնավոր դեպք էր, հնարավոր է նույնիսկ, որ արտասահմանցի լրագրողները ճիշտ չեն հասկացել ռուս զինվորներին, հնարավոր է՝ ռուս զինվորները չեն տիրապետել անգլերենին, որպեսզի կարողանային լրագրողներին ճիշտ բացատրել:

Իմ տեղեկություններով՝ Ստեփանակերտ մեկնելու համար ոչ մի հավատարմագրում Բաքվից խնդրել պետք չէ: Այսինքն՝ այստեղ ինչ-որ խառնաշփոթ է եղել: Բանն այն է, որ Հայաստանի բնակիչները և արտասահմանցի լրագրողները հիմա պետք է հասկանան և ընդունեն, որ Արցախն այսօր փաստացի պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, այլ ոչ Հայաստանին, և այնտեղ ամեն ինչ որոշում և լուծում է Ռուսաստանը, այլ ոչ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը: Հետևաբար, Ռուսաստանը ներկայացնում է իր պահանջներն ու իր կանոնները»,- ասել է նա՝ նշելով, որ նկատի ունի այն հատվածը, որը մնացել է Հայաստանի ձեռքում:

«Այսպիսի մի պարզ բան ասեմ՝ Քարվաճառի շրջանը փաստորեն կտրված է Ադրբեջանից՝ մի կողմից Արցախի այն հատվածով, որը պահպանվել է, մյուս կողմից՝ Հայաստանն է, հյուսիսում Մռավի լեռն է, որտեղ ճանապարհներ չկան, իսկ հարավից Լաչինի միջանցքն է: Որպեսզի կարողանաս այնտեղ հայտնվել, պետք է տարանցիկ ճանապարհով անցնես Մարտակերտով կամ Լաչինի միջանցքով: Ամեն դեպքում, դա պետք է համաձայնեցնես Ռուսաստանի Դաշնության հետ: Այսինքն՝ Ռուսաստանը փաստացի իր վերահսկողության տակ է վերցրել ամբողջ այդ շրջանը»,- նշել է նա: