«Հայփոստի» նոր ծառայության շնորհիվ պետական միջոցները կխնայվեն

«Հայփոստ» ընկերությունը պետական մի շարք մարմինների հետ համատեղ ներդրել է «Հիբրիդ փոստ ծառայություն» նոր համակարգը, որի առաջին գործարկումը եղավ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: «Հիբրիդ փոստ» համակարգը համատեղում է նույն նամակի էլեկտրոնային և թղթային տարբերակները՝ ապահովելով հարմարավետություն, արագություն և, ամենակարևորը, ծախսերի օպտիմալացում ու ռեսուրսների խնայողություն: Այս մասին տեղեկացնում են «Հայփոստից»։

Ինչպես է աշխատում նոր «Հիբրիդ փոստ» ծառայությունը:

Նամակը էլեկտրոնային ձևաչափով ուղարկվում է Հայփոստ, որտեղ այն տպվում և ծրագրավորվում է հատուկ սարքավորումների միջոցով՝ առավելագույնս նվազեցնելով մարդկային միջամտությունը՝ օպտիմալացնելով նամակն ուղարկող պետական գերատեսչության ծախսը: Մեկ օրում սարքավորումը թողարկում է շուրջ 10 000 նամակ: Գործընթացն իրականացվում է «Հայփոստի» փոխանակման կենտրոնի հատուկ առանձնացված տեղամասում, որը հագեցած է տեսահսկման համակարգով: Ծառայությունն իրականացվում է կատարյալ գաղտնիություն ապահովմամբ:

«Հայփոստ» ընկերությունը նախատեսում է նմանատիպ տեսակավորման կենտրոններ գործարկել նաև մարզերում, ինչը թույլ կտա կոնկրետ մարզ հասցեագրված էլեկտրոնային նամակը թղթային տարբերակի վերածել հենց տվյալ մարզում՝ դարձյալ խնայելով մայրաքաղաքից մարզ թղթային նամակ առաքելու ժամանակը: Համակարգի ներդրումը ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գլոբալ գործընթացի մի մասն է: Գլխավոր նպատակը եղել է պետական գերատեսչությունների համար աշխատանքի ավտոմատացումն ու ֆինանսական ծախսերի օպտիմալացումը, օպերատիվության ապահովումը: Եթե նախկինում Երևան քաղաքում գործընթացը տևում էր 4-5 օր, ապա «Հիբրիդ փոստի» միջոցով այն կրճատվում է՝ դառնալով 1 օր, իսկ մարզերում՝ 7 օրվա փոխարեն կդառնա 4 օր:

Հիբրիդ փոստ ծառայության օգտատերերը անվճար օնլայն ծրագրի միջոցով կարող են հետևել նամակի առաքման ընթացքին, ինչպես նաև օպերատիվ տեղեկություն ստանալ հանձնման/անհաջող հանձնման վերաբերյալ: