Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները ըստ Արա Այվազյանի

«Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար ակնկալում է, որ Թուրքիան կվերանայի իր ագրեսիվ քաղաքականությունը և թշնամական գործողությունները: Արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի և արտգործնախարարի կողմից: Հայաստանի անկախացման օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Վերջինը Ցյուրիխյան գործընթացն էր, որն ի չիք դարձավ Թուրքիայի կողմից: Ինչպես միջանձնային, այնպես էլ միջպետական հարաբերություններում կարևոր է փոխադարձության սկզբունքը»,-ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Ազնիվ և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց պաշտոնական Անկարայի կողմից, ավելին՝ անցյալ դարի հայատյացությունը, որի գագաթնակետն էր Հայոց ցեղասպանությունը, կարծես թե, ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է մեր տարածաշրջան»,- շեշտել է նախախարը՝ ի պատասխան ԶԼՄ-ներում հնչող այն հայտարարություններին, թե Հայաստանը պատրաստ է հաշտության Թուրքիայի հետ: Նախարարը նշել է, որ իրեն հայտնի չեն որևէ ձևաչափով խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ կամ բանակցություններ, որոնք կարող են տեղի ունենալ պաշտոնական Անկարայի հետ: