Վրաստանում չեղարկվել են արտահերթ ընտրությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չեն լինելու, և դրա մասին խոսակցությունն ավարտված է: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Վարչապետի խոսքերով՝ 2020 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունները ճանաչել է ամբողջ աշխարհը:

«Երկրում արտահերթ ընտրություններ չեն լինի: Մենք այս մասին խոսակցությունն ավարտել ենք: Ընտրությունների հետ կապված լսեցինք ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, Սենատի, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությունը: Ամբողջ աշխարհը ճանաչել է մեր ընտրությունները և շնորհավորել մեզ, ի՞նչ ընտրությունների մասին եք խոսում»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք՝ այս օրերին Վրաստանում է գտնվում Եվրամիության խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը, որի միջնորդությամբ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը փորձելու են համաձայնության հասնել: Ընդդիմության մեծ մասը գտնվում է բոյկոտի ռեժիմում և պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին և նշանակել արտահերթ ընտրություններ: