Պետական Տուրքը Քառակի Կթանկանա

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի չափերը:

Նախագիծը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ 1999 թվականից սկսած դատարան ներկայացվող հայցադիմումների պետական տուրքը չի փոխվել, սակայն սոցիալ-տնտեսական պայմանները մոտ չորս անգամ փոխվել են: Ասենք՝ 2018-ին դատարանների վրա փաստացի իրականացվել են մոտ 9 մլրդ դրամի ծախսեր, իսկ եկամուտները կազմել են 1.7 մլրդ․ «Օրինակ՝ Էստոնիայում նվազագույն պետական տուրքը 75 եվրո է, և դա կազմում է իրենց նվազագույն սպառողական զամբյուղի 52 տոկոսը: Մեզ մոտ դա չնչին է, 1500 դրամ է, հետևաբար, դարձվում է 6000 դրամ»,-ասաց Դանիելյանը:

Սահմանվել է նաև պետական տուրքի առավելագույն չափ․ «Առաջին ատյանում սահմանվել է 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ առավելագույնը 15 մլն դրամ, իսկ Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ»,-ասաց փոխնախարարը:

Վերանայվել է արտոնությունների համակարգը: Սահմանվել են լրացուցիչ արտոնություններ, դրանցից են համայնքի ղեկավարի որոշումների, գործողությունների իրավաչափությունը բողոքարկելու հարցերը, որոնք վերաբերում են հավաքներին: Այսինքն՝ այդ դեպքերում պետտուրք չի գանձվի: Պետական տուրք չի գանձվի նաև ընտանիքում բռնության հետ կապված գործերով դատարաններ ներկայացվող հայցադիմումների հետ կապված և այլ դեպքերում: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ավելացվել է պետտուրքից ազատման ևս մեկ արտոնություն: Դա վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետևանքով մահացած քաղաքացիների ժառանգության վկայագիր ստանալու հետ կապված հարաբերություններին: