Պուտինը և Փաշինյանը Կքննարկեն Ռուս-հայկական Ռազմավարական Գործընկերությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացումը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Բացի դրանից՝ Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը նախատեսում են դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու համատեքստում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինն ու Փաշինյանը նախատեսում են «կարծիքների փոխանակում Հայաստանում սկսված ընտրական գործընթացի վերաբերյալ»:

ТАСС գործակալությունը նաև հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցից առաջ՝ ապրիլի 2-ից, աշխատում է ինքնամեկուսացման ռեժիմում։