Հայաստանին չէր խանգարի անել նույնը`«Ռուսական աշխարհի» և «մնացյալ աշխարհի» միջև.

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայ ռազմագերիների վերադարձի խնդրով դարձյալ դիմել է միջազգային հանրությանը: Հայաստանի տարբեր պետական և ոչ կառավարական ինստիտուտներ դիմում են միջազգային հանրությանն ու անում հարցին ուշադրություն դարձնելու, հայ ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանի ցինիկ վարքագիծը կոտրելու և տղաներին տուն վերադարձնելու համար: Այդ ամենը կարևոր է, հասկանալի, անհրաժեշտ:

Սակայն, այդ ամենից բացի, կարևոր է հասկանալ կամ արձանագրել մի բան, հատկապես, որ տեղի է ունենում նաև որոշակի ռիսկային գործընթաց: Միջազգային հանրությանն ուղղված կոչերի արդյունքում քիչ բան է փոխվում կամ չի փոխվում ոչինչ, ինչն էլ հանգեցնում է հանրային մտածողության դաշտում իր արձանագրման, որ միջազգային հանրությունը լքում է մեզ, թողնում մենակ, անտարբեր է մարդասիրական կարևոր խնդրի հանդեպ, առաջնորդվում է քաղաքական նկատառումներով և այլն: Այլ կերպ ասած՝ նրբորեն սողում է «նենգ աշխարհի» գաղափարը: Եվ դա այն դեպքում, երբ մեկ այլ կողմից էլ ոչ պակաս նրբորեն կամ նույնիսկ բացահայտ կերպով առաջ է մղվում «ռուսական աշխարհի» գաղափարը: Օրինակ՝ վերջին շաբաթներին բավականին աշխուժացել է դրա գաղափարական հայրերից մեկը՝ դեռևս ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լելե Թեփեի «ադրբեջանական ստորոտներին» լուսանկարվող Դուգինը: Նա հայտարարում է, թե արցախյան պատերազմից հետո այլևս չկա ոչ մի խանգարող բան, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ: Դուգինն իհարկե գիտի, որ խանգարող բան կա, և այդ խանգարող բանը հայ ժողովուրդն է, ավելի շուտ՝ հայ ժողովրդի այն գիտակցումն ու համոզումը, որ ձևավորվել է պատերազմում Ռուսաստանի քաղաքականության, դրա դերի, դաշնակցային պարտավորությունների, մեղմ ասած, անտեսման, թուրքական վտանգի հանդեպ դեմ դիմաց թողնելու հետևանքով: Հայ ժողովուրդը պատերազմի հետևանքով ցավալիորեն համոզվել է, որ «ռուսական աշխարհը» անվտանգության աշխարհ չէ, այլ հակառակը՝ Հայաստանը «թյուրքական աշխարհի» հետ կիսելու մեխանիզմ:

Ահա այդ համատեքստում ակնհայտորեն փնտրվում են լուծումներ, և դրանց շարքում է անկասկած դիտվում և այն մտայնությունը, թե ճիշտ է՝ ռուսական աշխարհը այդքան էլ չկանգնեց հայ ժողովրդի կողքին, բայց ոչ մի տարբերություն չկա նաև «մնացյալ աշխարհի» առումով: Այսինքն՝ այդ «մնացյալ աշխարհը» կամ միջազգային հանրություն ասվածը ևս հայ ժողովրդին թողել էր մենակ, հետևաբար Ռուսաստանը իր վարքագծով ամենևին բացառություն կամ առանձնահատուկ չէ, ըստ այդմ՝ չունի իմաստ դիտարկել այլ «աշխարհ»:

Մինչդեռ ամբողջ հարցն այն է, որ չկա «նենգ» կամ «ոչ նենգ» աշխարհ, այլ կան քաղաքական պարզ շահեր, հետաքրքրություններ, ընդհանրություններ և այլն, որ այլ կերպ կոչվում է պրագմատիկ քաղաքականություն: Եթե աշխարհը պետք է օգնի Հայաստանին լուծելու կարևոր հարցեր, բայց հետո հայկական պետականությունն ու պետական քաղաքականությունը շարունակեն դրանք ծառայեցնել Ռուսաստանի համար կարևոր հարցեր լուծելուն, ապա այդ օգնությունն աշխարհի համար չունի որևէ պրակտիկ նշանակություն և իմաստ, եթե չխոսենք անգամ հակառակի մասին: Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու «համազգային» մակարդակով «միակ փրկիչ» հռչակվածը Ռուսաստանն է, ոչ թե «միջազգային հանրությունը»: Այն Ռուսաստանը, որը ձեռնոց է նետել այդ միջազգային հանրությանը: Ընդ որում, այդ ձեռնոց նետելու գործընթացին տարբեր կերպ ներգրավվել է նաև Հայաստանը՝ սկսած 2012-13 թվականներից: Հետևաբար մինչ միջազգային հանրությանը որևէ աջակցության համար դիմելը՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռեգիոնալ ռազմաքաղաքական նշանակության բնույթ ունեցող մարդասիրական հարցին, Հայաստանը պետք է կարողանա էական աշխատանք կատարել նույն այդ միջազգային հանրության հետ շահերի ընդհանուր միջավայր ձևավորելու ուղղությամբ, ինչպես արել և անում է Ռուսաստանի պարագայում: Հակառակ դեպքում աշխարհը կամ միջազգային հանրությունը «նենգ» չէ, այլ պարզապես հիմար չէ և առաջնորդվում է իրողությունների պրակտիկ գնահատմամբ, ինչը, մեղմ ասած, չէր խանգարի անել Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ մեր տղաների արագ ազատագրման խնդիրը լուծելու համար: