Սպանություն Լոռու մարզում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Դարպաս գյուղում կատարված սպանության հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2020թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18։30-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Լոռու մարզի Դարպաս գյուղում գտնվող արտադրական շինությունում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մետաղե ձողով հարվածներ է հասցրել նույն արտադրամասում որպես պահակ աշխատող քաղաքացու գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: