Նոր Բրեքզիթ

Հայաստանում և Հայաստանի շուրջ քաղաքական իրողությունները, մարտահրավերներն ու խնդիրները անշուշտ տեղ չեն թողնում ֆուտբոլի համար կամ եթե թողնում են, ապա միայն ազգային հավաքականի հիանալի ելույթների համատեքստում, որին ականատես եղանք նախորդ ամիս, և ինչի շնորհիվ մեր թիմը գլխավորում է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական մեր ենթախմբի առաջին հորիզոնականը: Սակայն այս օրերին համաշխարհային, մասնավորապես եվրոպական մայրցամաքի ֆուտբոլային կյանքում տեղի են ունենում զարգացումներ, որոնք ոչ միայն իրենց ազդեցությունը կարող են թողնել հայկական ֆուտբոլի վրա, այլև համաշխարհային կյանքի վրա ընդհանրապես՝ հաշվի առնելով այդ կյանքում ֆուտբոլի տարածվածությունն ու դերը հանրային հարաբերությունների և հոգեբանության ձևավորման առումով:

Այն, որ ժամանակակից աշխարհում սպորտը և հատկապես դրանցից թիվ մեկը՝ ֆուտբոլը, դարձել է մեծ քաղաքականության համար ոչ երկրորդական բաղադրիչ՝ ակնառու է վաղուց և մի շարք դրվագներով ուղղակի և անուղղակի հաստատված: Հանրային կյանքում ֆուտբոլը ըստ էության հասել է յուրօրինակ «կրոնի» աստիճանի: Այլ կերպ ասած՝ ֆուտբոլը թե՛ առանձին վերցրած պետությունների, թե՛ ընդհանրապես միջազգային կյանքի կազմակերպման կարևորագույն մի ցանց է, որն ունի տնտեսական, քաղաքական, հոգեբանական ահռելի նշանակություն:

Եվ ահա Եվրոպայում տեղի են ունենում զարգացումներ, որոնք կարծես թե կարող են ապամոնտաժել մինչ այժմ տասնամյակներով հյուսված այդ ցանցը, տասնամյակներով կառուցված համակարգը: Եվրոպայի երեք պետությունների՝ Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջատար, այսպես ասած, թոփ 12 ակումբ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին, որտեղ, նրանց մտահղացմամբ, կխաղան 20 ուժեղագույն ակումբներ: Սուպերլիգան արդեն ունի նախագահ՝ Իսպանիայի արքայական ակումբի՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

ՈՒԵՖԱ-ն կոշտ է արձագանքել այդ որոշմանը: Դա հասկանալի է, որովհետև Սուպերլիգայի ստեղծումը ըստ էության ՈՒԵՖԱ-ի ապամոնտաժման սկիզբն է կամ նվազագույնը հղի է եվրոպական ֆեդերացիայի համար ֆինանսների, ըստ այդմ՝ ազդեցության լրջագույն կորստով: ՈՒԵՖԱ-ն սպառնում է այդ ակումբներին պատժամիջոցներով: Դեռևս ոչ ուղղակի, սակայն մեծ հավանականությամբ ՖԻՖԱ-ն ևս կունենա կոշտ դիրքորոշում, քանի որ Եվրոպայում կապիտալի ֆուտբոլային ապստամբության հաջողությունը անկասկած կարող է կարճ ժամանակում արդեն անցնել համաշխարհային մասշտաբի և բերել համաշխարհային ֆուտբոլային ստատուս-քվոյի ապամոնտաժման:

Խնդրի կարևորությունն այնքան է և այնպիսին, որ անգամ պետությունների առաջնորդները արտահայտվում են Սուպերլիգայի գաղափարի ստեղծման շուրջ և քննադատում այն: Մասնավորապես, դա արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ողջունել է Սուպերլիգային չմիանալու մասին ֆրանսիական ակումբների, այդ թվում՝ թոփ ակումբի՝ ՊՍԺ-ի որոշումը: Սուպերլիգային գոնե առայժմ չեն միացել Եվրամիության մյուս առաջատար երկրի՝ Գերմանիայի առաջատար ակումբները, այդ թվում՝ Մյունխենի «Բավարիան»:

Անկասկած է, որ այնպիսի համակարգի փլուզումը, ինչպիսին ֆուտբոլայինն է, իր հետ կարող է բերել ընդհանրապես եվրոպական համակարգի լուրջ տրանսֆորմացիաների: Մեծ հաշվով, տեղի կունենա կապիտալի խոշոր վերաբաշխում, ինչը իր հերթին շղթայաբար ազդելու է կենսագործունեության արտաֆուտբոլային բազմաթիվ լուրջ ուղղությունների վրա:

Հարկ է նկատել, որ Սուպերլիգայի ստեղծում նախաձեռնած խոշոր ակումբների սեփականատերերը ամենատարբեր ուղղություններից են՝ Միացյալ Նահանգներից, մինչև արաբական երկրների իշխանություններ և ռուսական օլիգարխիա: Այդ իմաստով Սուպերլիգայի ստեղծումը իր քաղաքական կարգավիճակով Բրեքզիթ չէ, բայց իր բնույթով և ժամանակի ու տարածության մեջ խորքային նշանակությամբ ըստ էության կարող է լինել շոշափելիորեն համեմատելի, եթե այն տեղի ունենա: