Թե ինչպես պետք է պարզվի պատերազմի պատկերը, ասել է Սամվել Բաբայանը

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա խոսում էր պատերազմի, այսպես կոչված՝ Լելե Թեփեի օպերացիայի և ընդհանրապես գեներալների պատասխանատվության մասին, դարձել է հանրային լայն քննարկման առարկա և մեկնաբանվել այս կամ այն քաղաքական նպատակահարմարության ու նախապատվության դիրքից: Իրականում Արցախի ՊԲ նախկին հրամանատարը չի ասել որևէ արտառոց բան: Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք կամ տարօրինակ, որ պատերազմի արդյունքը կռում են գեներալները, ոչ թե քաղաքական ղեկավարությունները: Հակառակ դեպքում, երբ պատերազմի ընթացքի, ռազմական օպերացիաների արդյունքի կամ հետևանքի համար պատասխանատվությունը լիներ քաղաքական ղեկավարների վրա, հարկ կլիներ սահմանադրորեն ամրագրել դրույթ, որ երկրի առաջին դեմք լինելու համար պարտադիր են ռազմական կրթությունն ու նվազագույնը՝ գեներալի կոչումը: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի՞ համար է պատասխանատու քաղաքական ղեկավարությունը, և ինչո՞ւ պետք է առաջին դեմքը լինի Գերագույն գլխավոր հրամանատար, եթե պատասխանատուն գեներալներն են:

Բանն այն է, որ Գերագույն գլխավոր հրամանատարը պատասխանատու է կառավարման համար՝ պետական կառավարման, և եթե, օրինակ, գեներալները ներկայացնեն հիմնավոր և փաստարկված գնահատական, որ Գերագույն գլխավոր հրամանատարը թերացել է կառավարման իքս հարցում, և դա անդրադարձել է պատերազմի իգրեկ դրվագի վրա՝ հանգեցնելով զոհերի և օպերացիայի տապալման, հետևաբար ընդհանուր պաշտպանունակության անկման, ապա այդ դեպքում պատասխանատվություն կրում է քաղաքական ղեկավարությունը, Գերագույն գլխավոր հրամանատարը: Այլ կերպ ասած՝ կա պատասխանատվության բաշխման բավականին հստակ սանդղակ, որտեղ ամեն մեկն ունի իր դերը, և Սամվել Բաբայանը գործնականում խոսել է այդ մասին:

Միով բանիվ, խոսքը ընդամենը այն մասին է, որ Արցախի դեմ պատերազմը և դրանում հայկական կողմի, բանակի և քաղաքական ղեկավարության գործողությունները հնարավոր է գնահատել միայն պատասխանատվության ֆունկցիոնալ սանդղակի, գործողությունների ամբողջական քննության պարագայում: Հնարավոր չէ պատերազմ գնահատել դրան մասնակցած մեկ կամ հազար զինվորների առանձին պատմություններով, առավել ևս պատերազմի օրերին Ստեփանակերտում կամ Արցախի որևէ այլ հատվածում եղած անձանց անհատական պատմություններով: Բոլորը առանձին վերցրած տեսել են ընդամենը պատերազմի մեկ դրվագ, մինչդեռ ամբողջական պատկերը հասկանալու համար պետք է համադրել բոլորի տեսածը, վերլուծել, հարցեր տալ, ստանալ պատասխաններ և կազմել ամբողջական եզրահանգում՝ հասկանալու համար թե՛ սխալները, թե՛ հանցավոր դիտավորությունները կամ հանցավոր անփութությունները: Հակառակ պարագայում պատերազմի այս կամ այն դրվագի մասին հավակնոտ պատմությունները իհարկե կարող են բարձրացնել դրանց հեղինակների հանրային ճանաչվածությունը, բայց բացարձակ ի վիճակի չեն բարձրացնել պատերազմի պատկերի որոշակիացման աստիճանը:

Անհրաժեշտ է քննություն, հանդարտ, հետևողական քննություն հանրային-քաղաքական ամենալայն խմբերից ձևավորված կառույցի միջոցով՝ դրա աշխատանքի լեգիտիմության հարցը լուծելու համար: Իսկ այդ ընթացքում անհրաժեշտ են պարզապես պատերազմի պատմությունների «մորատորիում» և համառ ու հետևողական աշխատանք, էներգիայի ամբողջական կենտրոնացում պատերազմի հետևանքի վերացման հարցում: