Երկու տարում առաջին անգամ Լոնդոնում տեղի կունենա G7-ի ԱԳ նախարարների դեմ առ դեմ հանդիպումը

Այս տարի «Մեծ յոթնյակը» նախագահող Մեծ Բրիտանիան 2019-ի ապրիլից ի վեր առաջին անգամ կանցկացնի G7 երկրների արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպում: Հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում, մայիսի 3-ից 5-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կազմակերպիչները կապահովեն հակակորոնավիրուսային խիստ միջոցների պահպանումը, ներառյալ ամենօրյա թեստավորումը՝ հոգ տանելով հանդիպման մասնակիցների, անձնակազմի և հասարակության լայն զանգվածների առողջության և բարեկեցության մասին:

«Կիրառվելու են Միացյալ Թագավորության սոցիալական հեռավորության բոլոր ստանդարտները», – ասված է հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտգործնախարարներին կմիանան նաև Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Լիմ Ջոկ Հոյը։

Քննարկման թեմաները կներառեն հակակորոնավիրուսային պատվաստանյութերի հավասար հասանելիության ապահովումը, աշխարհի բոլոր տարածաշրջաններում աղջիկների՝ կրթություն ստանալու իրավունքի հարգումը, սովի դեմ պայքարը և կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարի միջոցների ֆինանսավորումը:

Նշվում է, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 11-ից 13-ը Քորնուոլ թերակղզու՝ Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Կարբիս Բեյ առողջարանային քաղաքում: