Բաքուն հայտարարում է, Ալիևի խոսքում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երեքշաբթի հեռուստատեսային հարցազրույցում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք չեն:

«Ադրբեջանի նախագահը, ինչպես միշտ, բավականին հստակ և կոնկրետ արտահայտեց իր տեսակետը: Մենք կցանկանայինք հրավիրել նրանց ուշադրությունը, ովքեր ցանկանում են այլ կերպ ներկայացնել մեր պետության ղեկավարի տեսակետները. ապրիլի 20-ի հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել է Ադրբեջանի դեմ ռևանշիզմի մասին, որը կարող է Հայաստանում գլուխ բարձրացնել և հնարավոր սպառնալիք դառնալ մեր տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով, որ «հնարավոր սպառնալիքի հայտնաբերման դեպքում այն ​​կչեզոքացվի, քանի որ դա ազգային պաշտպանություն է, ազգային անվտանգության հարց», – չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:

Ըստ նրա, «դա չի սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես պնդում է այդ երկրի ԱԳՆ-ն», այլ, ընդհակառակը, Բաքվի վճռականության ցուցիչն է՝ արձագանքել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում ցանկացած սպառնալիքին:

Նա նաև նշել է, որ Բաքուն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին՝ միջազգային իրավունքի, մասնավորապես՝ երկրների ինքնիշխանության, նրանց տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության հիման վրա:

«Հենց սրան են ծառայում 2020 թվականի նոյեմբերի 10-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունները», – հավելել է Աբդուլլաևան: Բացի այդ, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ իր հարցազրույցում նախագահ Ալիևը նաև հայտարարել է Հայաստանի հետ համագործակցելու Ադրբեջանի պատրաստակամության մասին:

Երեքշաբթի Ալիևը հեռուստատեսային հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանը կհասնի Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը`անկախ Հայաստանի ցանկությունից: Նա հավելել էր, որ եթե Հայաստանը դա ցանկանա, ապա հարցն ավելի հեշտ կլինի լուծել, իսկ եթե չցանկանա, ադրբեջանական կողմը պատրաստ կլինի այն լուծել ուժով:

Հայաստանի ԱԳՆ-ից պատասխանել էր՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։