Չեխիան առաջարկել է ՆԱՏՕ-ին հանդես գալ համատեղ հակառուսական հայտարարությամբ

Չեխիան երկրից ռուս դիվանագետների արտաքսումից և Ռուսաստանի պատասխանից հետո առաջարկել է ՆԱՏՕ-ին հանդես գալ ՌԴ-ի դեմ համատեղ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:

«Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի ապրիլի 20-ի նիստին Չեխիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսման պատճառների և դրան հաջորդած ռուսական պատասխանի մասին: Չեխիան շնորհակալություն է հայտնել իր դաշնակիցներին ցուցաբերած համերաշխության համար և խնդրել է համատեղ հայտարարություն անել ՆԱՏՕ-ի մակարդակով»,- հաղորդում է նախարարության Twitter-ը:

Չեխիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին խնդրել է այս շաբաթվա վերջին ևս մեկ հանդիպում անցկացնել`քննարկելու Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր համաձայնեցված քայլերը:

Չեխիան Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է «ինքնիշխանության և ազգային անվտանգության խախտման մեջ»: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն ապրիլի 17-ին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները կասկածում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին 2014-ին Վրբետիցայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մեջ: Կրեմլն այս մեղադրանքներն անվանել է մտահոգիչ ու անհիմն:

Մոսկվայի դեմ կատարած քայլերի համար, որպես պատասխան քայլ, ՌԴ-ն պերսոնա նոն գրանտա է հայտարարել Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցների: