Զոհերի թիվը հասել է 78-ի․ կա 4000-ից ավելի վիրավոր. Բեյրութ

Բեյրութի նավահանգստում երեկ որոտացած հզոր պայթյունի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 78-ի, ավելի քան 4000 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

Լիբանանյան իշխանությունները սպասում են զոհերի թվի աճի, քանի որ բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։ Փրկարարները շարունակում են շենքերի փլատակների տակից մարմիններ դուրս բերել։

Հիվանդանոցները գերբեռնված են վիրավորներով, քաղաքի շինությունների կեսը վնասվել է։

Երկրում եռօրյա սուգ է հայտարարված։

Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը մայրաքաղաքը հայտարարել է տարերային աղետի գոտի։ Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախագահ Միշել Աունի գլխավորությամբ կայացած կառավարության արտակարգ նիստից հետո։

Վարչապետ Հասան Դիաբը հայտնել է, որ առկա է Բեյրութում երկու շաբաթով արտակարգ դրություն սահմանելու հնարավորություն։