Էդմոնդ Մարուքյանը՝ հայերի և ադրբեջանցիների բախումների մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների միջև ՌԴ-ում և այլ վայրերում տեղի ունեցող բախումներին։ Նա մասնավորապես գրել է․

«Ուժի գործադրման մեկ տարածք կա

Իհարկե քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային ասպեկտներում կարելի է և անհրաժեշտ է մրցակցել ադրբեջանցիների հետ, բայց փողոցային հաշվեհարդարն ու ֆիզիկական բռնությունը չեն կարող մեր դրսևորման միջոցները լինել: Պետք է հասկանալ, որ այս ամենի արդյունքում վտանգվում է աշխարհի տարբեր կետերում ապրող հայերի կյանքը:

Սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում եմ չտրվել սադրանքներին և չներգրավվել հրահրվող ազգամիջյան բախումներին: Դա անթույլատրելի և կործանարար պրակտիկա է:

Անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն և հանգստություն ու մեկընդմիշտ արձանագրել, որ ուժի կիրառման համար նախատեսված ընդամենը մեկ տարածք կա` հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ մեր զինվորներն ու սպաները պաշտպանում են մեր հայրենիքն ու անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ պարտադրում խաղաղություն:

Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին դեսպանատներում և հյուպատոսարաններում բացել թեժ գծեր՝ հավաքագրելու համար մեր այն հայրենակիցների տվյալները, ովքեր ենթարկվել են բռնության ադրբեջանցիների հարձակման հետևանքով և տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան իրավական գործընթաց սկսել՝ անհրաժեշտ իրավաբանական և այլ աջակցություն ցուցաբերելով մեր հայրենակիցներին»,-ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին: