Հայաստանը ԵԽ-ից կստանա 19 միլիոն եվրո աջակցություն դատական բարեփոխումների իրականացման համար

Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, դատական համակարգի անկախության և անկողմնակալության ապահովման համար: Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թվականների երրորդ ծրագրի» մեկնարկին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարի պնդմամբ` Հայաստանը ցույց է տվել, որ ցանկանում է լինել այնպիսի երկիր, որը մոդելավորված կլինի եվրոպական չափանիշներով, ամուր կանգնած կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների միասնական արժեքների գերակայության վրա: «Այս տարի մեր ձգտումը ավելի մեծ է, բյուջեն՝ բավական հավակնոտ` 18,9 միլիոն եվրո, և այն կենտրոնացված է բարեփոխումների այն ուղղությունների վրա, որոնք կառավարության համար գերակա են: Դրանք հիմնականում ուղղված են դատական համակարգի ոլորտի բարեփոխումներին»,- ասաց Մնացականյանը:
Նախարարի կարծիքով` դա ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն արտացոլվում է այս կառավարության վճռականությամբ և հանձնառությամբ:
ԱԳ նախարարը վստահ է, որ այս ծրագիրը լավագույնս կծառայի Հայաստանի դատական բարեփոխումների իրականացմանը, և 2021 թվականին պետությունը կունենա շոշափելի արդյունքներ:
«Կառավարությունը շատ պարզ ձևակերպեց, որ ամեն ինչ կանի դատական համակարգի անկախությունը և անկողմնակալությունը ապահովելու համար` որևէ ճնշում չգործադրելով դատական իշխանությունների վրա»,- ասաց ԱԳ նախարարը:
Նա շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով պատրաստակամություն է հայտնել աջակցել այս բարեփոխումների իրականացմանը: