Փաստահավաքային առաքելությամբ մեկնում ենք Բեյրութ. Զարեհ Սինանյան

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանի և Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի նախագահ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ուղեկցությամբ կմեկնի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:

«Չենք ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե մենք եկել ենք, որպեսզի օգնենք հայերին: Կարծում եմ՝ այդ մեսիջը սխալ կընկալվի Լիբանանի ժողովրդի կողմից: Նրանք արժանի են, որ մենք ավելի լավ վերաբերվենք իրենց: Հետևաբար, մենք գնում ենք, որ Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին, դրա մեջ մտնում է նաև հայկական համայնքը:

Գնում ենք այնտեղ փաստահավաքային առաքելությամբ: Մեր նպատակը տեղում ծանոթանալն է այն արհավիրքին, տեղում ծանոթանալ մեր հայրենակիցների տրամադրությունների հետ, որպեսզի մենք էլ ավելի խորապես հասկանանք, թե երկարաժամկետ իմաստով ինչ է ակնկալվում Հայաստանի կառավարությունից, ինչ կարող ենք մենք անել: Չենք ուզում ռեակտիվ, արագ օգնություն հասցնել: Ավելի լավ է՝ մենք երկարաժամկետ ձևով լծվենք գործի»,- ասաց Սինանյանը: