Շուտով Հայաստանում բանկային ոսկու ձուլակտորներ կարտադրվեն. գործարան կհիմնվի

ԱԺ հունիսի 19-ի նիստում՝ 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ շատ շուտով Հայաստանում բանկային ոսկու ձուլակտորներ կարտադրվեն. գործարան կհիմնվի:

«Աշխատում ենք հեղինակավոր շվեյցարական ընկերության հետ, վերջին ակորդներն են արդեն, կբացվի գործարան ու մեր ոսկի արտադրողները հնարավորություն կունենան 80-90%-ոց ձուլակտորներ արտահանել: Մենք էլ հնարավորություն կունենանք հայկական դրամով՝ մեր ազգային արժույթով ոսկի գնել շուկայից, ոչ թե արտարժույթով, որն իր մեջ ռիսկ է պարունակում», - ասել է Ջավադյանը՝ հավելելով, որ արդեն հաջորդ տարի այդ հնարավորությունը կունենան:

Նա հայտնել է, որ արդեն ամեն ինչր պատրաստ է՝ սարքավորումները, գործարանի տեղն ընտրված է: Գործընկերների պահանջով ԿԲ-ն էլ կարող է լինել բաժնետեր՝ 6-7%:

Ջավադյան հիշեցրել է, որ 2014-ին վաճառվել է ԿԲ-ի 1.6 տոննա բանկային ոսկին:

«Վաճառելու իմաստը եղել է այն, որ այն ժամանակ գներն աճել էին, այդ պահին բյուջեի եկամուտների հետ կապված խնդիր կար: Քանի որ ոսկի կառավարելուց գրեթե ոչ մի տոկոս չէինք ստանում այն ժամանակ, ընդունվել է որոշում, վաճառվել է, որի արդյունքում ներդրվել է դա ավելի բարձր որակի գործիքների մեջ, դրա արդյունքում բավականին շահույթ ենք ունեցել: Ոսկին դարձել է կտրականապես ոչ հուսալի ակտիվ: Ոսկու գները աշխարհում շատ մեծ փոփոխության են ենթարկվում, այսօր կան ավելի հուսալի գործիքներ, ավելի իրացվելի, քան ոսկին», - ասել է Ջավադյանը: