Ի՞նչ են Լոմբարդիայի իշխանությունները պարտադրել փոքր հյուրանոցներին

Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լոմբարդիա շրջանի իշխանությունները ֆերմաներում գտնվող փոքր հյուրանոցներին պարտադրել են իրենց սննդամթերքի 80%-ը գնել հենց այդ շրջանից։ Ապրանքների միայն 20%-ը կարող են ձեռք բերել այլ տեղերից՝ ներառյալ Իտալիայի մյուս շրջաններից, հաղորդում է euro-pulse.ru-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։

Մթերքի մեկ երրորդը, որն օգտագործում են հյուրանոցում մնացողները, պետք է աճեցված լինի այն ֆերմայում, որտեղ գտնվում է հյուրատունը: Գինին և ձուկը պետք է բացառապես Լոմբարդիայից լինեն։

Լոմբարդիան ագրոտուրիստական օբյեկտների թվով Տոսկանա և Տրենտինո Ալտո Ադիջե շրջաններից հետո Իտալիայում երրորդն է։ Լոմբարդիան հայտնի է իր պանիրների տեսակներով (օրինակ՝ Գորգոնձոլան, իտալ.՝ Gorgonzola), ռիզոտտոյով, երշիկեղենով և եգիպտացորենի ալյուրից պատրաստված ավանդական կերակրատեսակով։