Կամո Թովմասյանի հարցազրույցը AZAT MARD բրենդի հիմնադրի հետ

KamoBlog-ը գրում է .
Ամառային Երևանում ում ասես կհանդիպես: Զբոսաշրջությունը գնալով զարգանում է, ինչի արդյունքում ավելի շատ թվով սփյուռքահայ երիտասարդներ գալիս են հայրենիք՝ ոգեշնչվելու: Գարենին հանդիպեցի միջոցառումներից մեկի ընթացքում, հետաքրքիր գլխարկ էր կրում AZAT MARD գրվածքով: Պարզվեց նա բնակվում է Բրիտանիայում, վերջերս է հիմնադրել այս բրենդը և թողարկում է հագուստի ու աքսեսուարների շարք: Որոշեցինք հանդիպել հաջորդ օրը և զրուցել հայրենիքի, բրենդի առաջխաղացման և նորաձևության շուրջ:AZAT MARD լյուքս դասի բրենդը հիմնադրել են Garen Tschobanian-ն ու Neil Malhotra-ն: Ի դեպ, Գարենը խաղացել է Հայաստանի երիտասարդների ֆուտբոլի միջազգային թիմում, իսկ Նեիլն ավարտել է Միլանի նորաձևության դպրոցը։ Հաճախ ճանապարհորդելով և ոգեշնչվելով տարբեր երկրների մշակույթից՝ բիզնես-գործընկերները ստեղծում են այս յուրօրինակ բրենդը, որն իր որակային առումով կարող է արժանի մրցակից լինել միջազգային շուկայում: Manchester United-ից մինչ AC Milan, ներառելով մի շարք լավագույն աշխարհահռչակ աթլետների, AZAT MARD բրենդն արդեն ամրապնդել է իր դիրքերը՝ հանրաճանաչ անձանց շրջանում մեծ պահանջարկ ունենալով: Շուտով AZAT MARD ապրանքանիշը կցուցադրվի բրիտանական բարձրակարգ մուլտիբրենդային համալիրներում։ Առջևում Launch Party-ներն են Լոնդոնում, Լոս Անջելեսում և վերջապես Սեպտեմբերին՝ Երևանում, չէ որ AZAT MARD-ի ոգեշնչման առաջին աղբյուրը հենց Հայաստանն է եղել:

- Հայրս հայ է, դաշնակահար էր, հաճախ այցելում էր Մանչեստր և հենց այնտեղ էլ ծանոթացավ մորս հետ։ Ես էլ եմ այնտեղ ծնվել 25 տարի առաջ։

- Իսկ ո՞վ է ձեր մայրը, ինչո՞վ է զբաղվում։
- Մայրս անգլուհի է, Բլեքփուլից։ Հայրս ու մայրս համատեղ բիզնեսներ ունեն Մեծ Բրիտանիայում, բացել են ժամանցի վայրեր, ռեստորաններ, բարեր։

-Իսկ դուք որտե՞ղ եք սովորել։

-Անգլիայում։ Բայց երբ 15 տարեկան էի, թողեցի դպրոցը, գնացի ֆուտբոլի, խաղացի Հայաստանի ազգային երիտասարդական թիմում, 17-21 տարեկանների հետ։ Մոտ 3-4 տարի առաջ դադարեցի խաղալ և հիմա զբաղված եմ այս բրենդը ստեղծելով։

-Քանի՞ տարի է, ինչ զբաղվում եք դիզայնով։

-Անկեղծ ասած՝ երբևէ չեմ սովորել դիզայն։ Բայց ինձ միշտ հետաքրքրել է դիզայնը, հատկապես երբ ֆուտբոլիստների հետ ես շփվում, բոլորը հագնում են լավագույն ջինսերը, շապիկները, և երբ տեսնում ես այդ մեծանուն աստղերին, որոնց ուզում ես նմանվել… Հետո մտածեցի AZAT MARD անվանումը, երբ Հայաստանում էի, ազգային թիմում էի խաղում։ Հիմա կարծես ժամանակն է այն բերելու Հայաստան։

-Իսկ ինչո՞ւ AZAT MARD։ Ազատը, գիտեք, նաև մարդու անուն է, որևէ ընկեր ունե՞ք այդ անունով․․․

-Մեկ հոգու ճանաչում եմ, բայց մինչ այդ իրականում չգիտեի, որ անուն է։

-Ամեն դեպքում նկատի ունեք ազատ՝ իր բուն իմաստով։

-Այո, քանի որ ինձ համար շատ կարևոր է, որ ամեն մարդ ունենա իր ազատությունը և կարողանա ինքնարտահայտվել, իրեն դրսևորել իր ուզած ձևով և կապված չլինի ինչ-որ պարտադրվող բաների հետ։ Նաև Հայաստանի համար շատ կարևոր է ազատությունը, անկախությունը՝ նկատի ունենալով մեր պատմության ընթացքը։

- Ինչ-որ միջազգային բրենդերի հետևո՞ւմ էիք մինչև ձեր բիզնեսը սկսելը։ Սիրո՞ւմ էիք բրենդային հագուստ կրել։ Օրինակ՝ ես ինքս ոչ մի որոշակի բրենդի չեմ հետևում։ Առաջինը այն պատճառով, որ չեմ սիրում շատ ծախսել բրենդի վրա, երկրորդը՝ կարծում եմ հիմա Հայաստանում չափից ավելի շատ է այսպես կոչված «բրենդամանիան», գրեթե բոլորը կրում են, ասենք, «Արմանի»։ Իսկ ես փորձում եմ կրել ուկրաինական, ռուսական բրենդի հագուստներ, ինչ-որ տարբերվող մի բան․․․ Դուք ունե՞ք սիրված բրենդեր։

-Ներկայումս ես շատ եմ գնում դիզայներների հագուստներ, օրինակ` Gucci, Louis Vuitton, որ միշտ կլասիկ է, երբեք զեղչ չի անում, բայց սիրում եմ նաև տարբերվել։ Անգլիայում էլ է այդպես, բոլորը կրում են Givenchy… Կարծում եմ «Ազատ մարդը» փոխանցում է այդ դիզայներական զգացումը։ Մարդիկ չգիտեն դա ինչ է նշանակում, և երբ ես բացատրում եմ իմաստը, մարդկանց մոտ մեծ հետաքրքրություն եմ նկատում։

-Ի՞նչ արտադրանքով սկսեցիք՝ շապիկ, գլխարկ․․․

- Ամբողջական հավաքածուով։ Շատ ֆուտբոլային թիմերի խաղացողների եմ տվել, ի դեպ, AC Milan, Manchester United․․․ Նաև գլխարկի /կեպկայի/ մի տարբերակ ունեմ՝ Արարատ լեռան պատկերով։ Դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ բարձրացնում է տեղեկացվածության աստիճանը, թե որտեղից է գալիս տվյալ բրենդը։ Հայկական դրոշն էլ կա հակառակ կողմում։

- Փաստորեն ուզո՞ւմ եք ցույց տալ, որ սա հայկական բրենդ է, թե՞ դա կարևոր չէ բիզնեսի համար։

-Այո, որոշ նմուշներ էլ ունեմ, որ շուտով կարտադրվեն, որոնցում շատ հայկական նախշեր, մոտիվներ եմ օգտագործել, որոնք կարելի է տեսնել հին գորգերի վրա կամ այլուր, որ գուցե շատերը չգիտեն, որ հայկական են։ Բայց ինձ դուր է գալիս այն միտքը, որ, եթե ինձ հարցնեն, ես կարող եմ ասել՝ «սա հայկական է, ավանդական է»։ Սիրում եմ հայկականությունը դիզայնի մեջ, նույնիսկ եթե դա ակնհայտ չէ կամ չգիտեն ծագման մասին։ Հետաքրքվողի համար դա իսկական բացահայտում է լինում։

- Իսկ որտե՞ղ է արտադրությունը կազմակերպվելու։

-Չինաստանում, որտեղ հիմա որակյալ արտադրանք կա և շատ միջազգային բրենդեր էլ են այնտեղ արտադրվում։ Իտալական հագուստները նույնպես այսօր շատ դեպքերում կարվում են Չինաստանում։ Դուք կարող եք ինքներդ տեսնել, թե ինչ որակ ենք ստանում, ցույց տամ Ձեզ, օրինակ, բաճկոնը։ Բարձր որակը շատ կարևոր է, քանի որ ես չեմ ուզում մարդիկ մեկ անգամ գնեն և հետո հիասթափվեն որակից, այլ ուզում եմ, որ գոհ լինեն և հետագայում նորից պատվիրեն։ Շատերը D&G են գնում, քանի որ որակը լավն է։ Մեր դեպքում ավելի մատչելի կլինի, իհարկե ոչ շատ էժան, բայց ոչ էլ շատ թանկ՝ խելամիտ, մատչելի։

- Իսկ արտադրանքը լինելո՞ւ է խանութներում, թե՞ միայն օնլայն։

- Լինելու է օնլայն, բայց նաև օգոստոսից սկսած Անգլիայի 12 խանութներում, այդ թվում՝ Օքսֆորդ փողոցի վրա, որը շատ լավ վայր է մեր բիզնեսի տեսանկյունից։

- Ի՞նչ տեսականի է լինելու։

-Այժմ մոտ 100 անուն ապրանք, բայց սա աշուն-ձմեռ հավաքածուն է՝ երկու թողարկմամբ, մեկը՝ օգոստոսին, մյուսը՝ հոկտեմբերին՝ ավելի մոտ տարեվերջին, Ծննդյան տոներին։ Այդ ժամանակ կլինեն ավելի տաք հագուստներ, բաճկոններ։

-Այսինքն հիմա մենք ներկայացնելու ենք․․․

Ներկայացնելու ենք աշուն-ձմեռ 2019 հավաքածուն։

-Իսկ մարքեթինգի տեսանկյունից․․․ Լավ, նախ հարցնեմ՝ դո՞ւք ինքներդ եք անում դիզայնը։

-Այո, ես և գործընկերս։ Ամեն մի նմուշի մեջ աշխատում ենք ունենալ ինչ-որ հայկական նախշ, գաղափար, պատմություն, որ ինչ-որ կերպ կապված է Հայաստանի հետ։ Ինչպես արդեն նշեցի, նույնիսկ եթե դրա մասին քչերը գիտեն․․․ Կարծես թե ուզում էիք հարցնել մարքեթինգի մասին․․․ այո, դա շատ կարևոր է, հիմա ամեն ինչ սմարթֆոնների մեջ է, Intsagram-ում է, մարդիկ խանութներ համեմատաբար քիչ են այցելում, առցանց գնումներ շատ են կատարում։ Ամեն ինչ շատ հեշտ է, եթե նույնիսկ հագուստը լավ չնստի քո վրա, կարող ես ետ ուղարկել․․․

-Ինքներդ սիրո՞ւմ եք առցանց գնել։ Նկատի ունեմ, որ երբեմն գնածդ փոքր-ինչ այն չէ, ինչ թվում է նկարում։ Իհարկե, կարող ես ետ ուղարկել, բայց մտածում ես՝ լավ, ոչինչ, կհագնեմ։ Չե՞ք սիրում գնումների ընթացքը՝ ռեալ shopping-ը, կտորները ու նյութերը շոշափելը։

-Իհարկե, և այդ պատճառով էլ վաճառքի մեր հիմնական ձևը մեծածախն է լինելու։ Հայաստանում, օրինակ, ուզում եմ համագործակցել La Galleria-ի հետ, որտեղ Valentino, D&G և այլ բրենդեր են ներկայացված։ Եվ մեր որակը նույնպես համապատասխան կլինի, աշխատակիցները կարող են այդ հայտնի բրենդերի կողքին վստահաբար ներկայացնել նաև մեր բարձրորակ հայկական բրենդը։

-Ի՞նչ փուլում է ձեր այդ գաղափարը։

-Ես շրջեցի քաղաքում, և La Galleria-ն ինձ դուր եկավ և՛ տեղի առումով, և՛ տեսականու։ Կուզեի համագործակցել։

-Դուք հետևո՞ւմ եք հայ դիզայներներին, հիմա բավական շատ հայ դիզայներներ կան, հայկական բրենդեր կան, այդ թվում՝ տղամարդկանց համար։

-Ես մի քանի անգամ եմ այցելել Հայաստան, հիմա 4 օր է այստեղ եմ և իմ ընկերներն ինձ ուղեկցում են, ցույց են տալիս, ծանոթացնում են հայ դիզայներների հետ։ Նրանց միջոցով ծանոթացա և ձեզ հետ։ Սեպտեմբերին մի գուցե նորաձևության ցուցադրություն կազմակերպեմ մի տեղ Երևանում, որտեղ կլինի DJ, հայ մոդելները ցույց կտան իմ նմուշները։

-Գիտեք, անշուշտ, որ Հայաստանի շուկան բավական փոքր է և, գուցե, բիզնեսի, վաճառքների տեսանկյունից այդքան էլ գրավիչ չէ․․․

-Իհարկե, համամիտ եմ, բայց ինձ համար Երևանն ուրիշ է։ Երևանին նայում եմ ոչ թե գումար աշխատելու տեսանկյունից, այլ մարդկանց տեղեկացնելու, որ սա հայկական բրենդ է, որ նրանք կարող են հպարտանալ հայկական արտադրանքով։

-Ուզում եք ցույց տալ ձեր հորը․․․

-Այո և ոչ միայն հորս, իմ տատիկ-պապիկին, հորեղբայրներիս, զարմիկներիս։ Ուզում եմ, որ նրանք հպարտանան իմ նվաճումներով, ուզում եմ, որ Հայաստանի անունը գրվի հագուստի և նորաձևության միջազգային քարտեզի վրա։

-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։ Օրինակ՝ ի՞նչ վայրեր կուզեք այցելել՝ թանգարաններ, արվեստի կենտրոններ, ակումբներ, ռեստորաններ․․․ Թեկուզ այլ երկրներում ո՞ւր եք սիրում գնալ։ Ես, օրինակ, սիրում եմ այցելել նորաձևության թանգարաններ՝ Yves Saint Laurent-ի թանգարան, Louis Vuitton Foundation-ի թանգարան, հետո ակումբեր, թարգարաններ և, ի վերջո, գնումների գնալ։

-Երևանից երեկ գնացի Սևան, Ծաղկաձոր։ Բայց միշտ չէ որ նախընտրում եմ բարձրակարգ վայրերը, սիրում եմ նաև գնալ առօրյա վայրեր, ասենք՝ շուկա և տեսնել, թե ինչ են գնում մարդիկ շուկայից։ Վերջերս ես Իսրայելում էի և այցելեցի հայկական թաղամաս․․․ Այս տեղերից ես ոգեշնչվում եմ, նկատում եմ տարրեր, խորհրդանիշներ, որոնք հիմա օգտագործում եմ իմ ստեղծած դիզայններում։

-Ուրիշ ի՞նչ կցանկանայիք ինձ պատմել, ինչի մասին ես չհարցրեցի։

-Այս պահին ես ուզում էի ներկայանալ ձեզ։ Կարծում եմ սեպտեմբերին արդեն առիթ կունենամ իմ արտադրանքը ցույց տալու մարդկանց, որոնք կարող են գալ, տեսնել, շոշափել, նկարահանել․․․

-Սոցիալական ցանցերում ակտի՞վ եք։

-Վերջերս գործարկեցինք Instagram-ի մեր էջը`AZATMARD, ունենք նաև պաշտոնական կայք՝ www.azatmardofficial.com, որը շուտով ամբողջապես կգործի։