«Իմ համար վարչապետի այս խոսքերի մեջ մեծ վիրավորանք կա». Դավիթ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

Վարչապետի ելույթի վերջին 2 րոպեի մասին չեմ կարող չխոսել։

Երկար է, բայց իմ համար կոնցեպտուալ առումով հիմնաքարային։

Վարչապետը նշեց, որ այս պայքարի մեջ ներգրավված մարդիկ ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ շահեր, բայց իր դիրքորոշումը տարբերվում է նրանով, որ ինքը բացառապես հանդես է գալիս Հայաստանի հավասարակշռված շահերի դիրքերից։

Ես այստեղ չեմ հասկանում, իսկ ես այսօր իմ ընկերների հետ ու՞մ շահերից էի հանդես գալիս կամ հեղափոխության օրերին, որ պայքարում էինք նախկին ռեժիմի դեմ, այդ ժամանակ ու՞մ շահեր էինք պաշտպանում։

Արտահայտությունների մեջ պետք է լինել զգույշ ու ուշադիր, իմ համար այս խոսքերի մեջ կա մեծ վիրավորանք։

Այն որ ջրերը շատ են կեղտոտվել, փաստ է, այն որ մեդիան լի է աղբով մարդկանց ապակողմոնորշելու և մոլորեցնելու համար, ևս բացահայտ է, այն որ լիքը մարդ ու առաջինը նախկին ռեժիմի հետ ինչ-որ կապ ունեցողները ուրախանում են բոլոր ձախողումներով, բոլորս գիտենք, բայց այն որ վարչապետը իր ելույթի ժամանակ կնպաստի անորոշ ու կասկածներով լի մթնոլորտի աճին, շատ ցավալի է։

Եթե ինչ-որ մարդկանց մեղադրում եք ինչ-որ կազմակերպությունների հետ կապի մեջ լինելու համար, նախ բարի եղեք նշելու, թե ինչ կապի մասին է խոսքը ու կոնկրետ տվեք անուններ, թե՛ այդ մարդկանց, թե՛ այդ կազմակերպությունների։ Թե չէ այդ խոսքերը ուղղակի նմանվում են բամբասանքի ու կարող են կասկածներ գցել իրար հետ պայքարող մարդկանց շրջանակներում։

Հեղափոխությունը եկավ ապացուցելու, որ միլիոնավոր մարդկանց շահը ազգայինն էր ու պետականը, ու հիմա վերցնել ու վերակենդանացնել ազգի ներքին անինքավստահությունը, որն է՝ առանց սեփական նեղ անձնական շահի ոչ մեկ ոչինչ էլ չի անի, ուղղակի ծանր հարված է հեղափոխությանը։