Բեյրութում մոտավորապես 120 դպրոց է տուժել

Ավելի քան 120 դպրոց է վնասվածքներ ստացել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ըստ «Արմենպրեսի»՝ օգոստոսի 7-ին Ժնևում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիքսի Մերկադոն:

«Մենք նախնական հաղորդումներ ունենք այն մասին, որ վնասվածքներ են ստացել ավելի քան 120 պետական և մասնավոր դպրոցներ: Խոսքը վերաբերում է էական վնասին՝ ջարդված ապակիներից մինչև ենթակառուցվածքի ավելի լուրջ վնասվածքները»,- ասել է նա: «Այդ դպրոցներում սովորում է մոտավորապես 55 հազար երեխա: Չափազանց կարևոր է դրանք նորոգել մինչև ուսումնական տարվա սկիզբը»,- նշել է Մերկադոն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ պայթյունից բնակելի տների մեծ մասի փլվելու կամ վնասվելու հետևանքով 80-ից մինչև 100 հազար երեխա հարկադրված է եղել լքելու տները: Քանդվել կամ լրջորեն տուժել են մի քանի բժշկական հիմնարկություններ, ներառյալ առաջնային օգնության 16 կենտրոններ:

«Ոչնչացվել են անհատական պաշտպանական միջոցներով տասը կոնտեյներներ, ներառյալ հարյուր հազարավոր ձեռնոցներ և դիմակներ, որոնք բոլորովին վերջերս էր ձեռք բերել Լիբանանի առողջապահության նախարարությունը COVID-19-ի դեմ պայքարի համար»,- հայտնել է Մերկադոն:

Պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել Լիբանանում «դիմակների հույժ կարիքի վրա» վերջին օրերին «կորոնավիրուսի դեպքերի էական ավելացման» պայմաններում: Նա համաշխարհային հանրակցությանը կոչ է արել օգնություն ցույց տալու Բեյրութին: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դիմել է ամբողջ աշխարհին 15 միլիոն դոլար տրամադրելու կոչով՝ Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ծանր հետևանքների պատճառով առողջապահության ոլորտում Լիբանանի բնակչությանն անհապաղ օգնություն ցույց տալու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: