Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. պատճառը Տաթեւիկ Ռեւազյանի աշխատաո՞ճն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը:

Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, եւ այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթեւիկ Ռեւազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա:

Մեր տեղեկություններով, նրա հրաժարականի պատճառը Ռեւազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել: Մենք կապ հաստատեցինք Սայադյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել այս թեմայով՝ դա համարելով իր անձնական խնդիրը։ «Ես դուրս եմ եկել անձնական պատճառներով, անձնական նկատառումներից ելնելով։ Այդքանը կարող եմ ասել»,- ասաց նա՝ նշելով, որ օգոստոսի 12-ից այլեւս չի աշխատում Քաղավիացիայի կոմիտեում։

Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ նրա դուրս գալը պայմանավորված է Տաթեւիկ Ռեւազյանի անձով, Սայադյանն ասաց․ «Չէ, եկեք ես մեկնաբանություններ չտամ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում