5 Հայ երիտասարդների ինքնազոհությունը. Լիսբոնյան հնգյակ

Այսօր Լիսաբոնյան հնգյակի (Լիզբոն 5) հիշատակի օրն է. 1983 թ․ հուլիսի 27-ին 5 հայ երիտասարդներ՝ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին վերստին խոսել հրահրելու համար հարձակվեցին Լիսաբոնի թուրքական դեսպանության շենքի վրա և գործողության ավարտին՝ հայտարարություն տարածելուց հետո, պայթեցրեցին իրենց։

Ամեն տարի այս օրը՝ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող տասնյակ հազարավոր հայեր ոգեկոչում են զոհված տղաների հիշատակը՝ որպես գերագույն զոհաբերության եւ աննման նվիրումի վառ վկայություն։

Լիզբոն 5 (նաև հայտնի որպես՝ Lisbon 5, Լիսբոնյան հնգյակ), 1983 թվականի հուլիսի 27-ին աշխարհի ուշադրությունը Հայ դատին սևեռելու նպատակով, Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը իրականացնում են գործողություն, որը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության վերականգնաման գործում։

Ստորև հետաքրքիր փաստեր են գործողության և գործողության մասնակից հինգ հայ երիտասարդների մասին․

Գործողության մասնակիցներից որևէ մեկը երբևէ չէր եղել Հայրենիքում։ Ապրելով Լիբանանում՝ նարանք միայն լսել և ուսումնասիրել էին երկիրը, որտեղ երազում էին մի օր վերահաստատվել:

Գործողության մասնակիցներից ամենատարեցները՝ Սիմոնը և Սարգիսը 21 տարեկան էին։ Արան՝ 20, Վաչեն եւ Սեդրակը՝ 19։

Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատունը ակտի օրը անսպասելի ավելացրել էր դեսպանատան տարածքը հսկող ոստիկանների թիվը։

Ոստիկանների բացած կրակից առաջինը զոհվում է Սիմոն Յահնիյանը, ով սիրում էր սրինգ նվագել և միշտ անբաժան էր իր սրինգից։ Այդ օրը, սակայն, սրինգը նրա մոտ չէր։

Հայ հեղափոխական բանակի գործողությունների թիրախը բացառապես Թուրք պաշտոնյաներն էին, այդ է պատճառը, որ Լիզբոնի գործողության մասնակիցները կրակ չեն բանցում պորտուգալացի ոստիկանների նկատմամբ։

Գործողությունից առաջ որոշված էր, որ այն լինելու էր ինքնազոհության ակտ, որ պետք էր կոտրեր Հայ դատը թաղող անտարբերության շղթաները։

Տղաները երկար ժամանակ պատրաստվել են գործողությանը․ մարզվել և քննարկել են բոլոր մանրամասները, սակայն նրանց ընկերներից և հարազատներից որևէ մեկը տեղյակի չի եղել և անգամ չի նկատել որևէ տարօրինակ հանգամանք։ Գործողության մեկնելու նախօրեին բոլորը ստել և տարբեր պատճառներ են ներկայացրել տանից հեռանալու համար։

Տան անդամների համար բոլորը միայն հրաժեշտի սակավախոս երկտողեր են թողել՝ հիմնականում շեշտելով, որ հեռանում են գործերով և կարիք չկա իրենց փնտրել որևէ տեղ։

Նախքան դեսպանության պայթեցնելը շենքը տղաները հայտարարություն են տարածել, որում ասվում էր․«Իմացեք` մենք ինչ ենք անում: Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ դրա տակ: Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժոովրդի իրավունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է: Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:

Տղաները թաղված են միասին՝ Բեյրությում՝ Բուրջ Համուդի Ազգային գերեզմանատանը։ Գերեզմանի հուշաքարին միացյալ Հայաստանի քարտեզն է, որից վեր են խոյանում հինգ դաշույններ։

Տղաների գերեզմանատունը ուխտատեղի է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հազարավոր հայերի համար։