WCIT համաժողովը հենց տնտեսական հեղափոխության տարր է. Հայկ Սարգսյան

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ելույթ ունենալով «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորագիրը կրող խորհրդաժողովում, խոսեց հեղափոխության կայացման երեք բանալի բառերի մասին: Դրանք են՝

1. Աջակցությունը

2. Ուղեծիրը (տեսլականի մասին)

3. Իմիտացիան (նմանակում՝ զերծ մնալով կառավարման ասպարեզում իմիտացիոն գործընթացներից):

Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխություն գաղափարի գործնական նշանակություն ունենալու հնարավորությունը մեծ է, համոզված է, որ մտացածին չէ:

«Տնտեսական հեղափոխությունը կարող է կայանալ առանց սեփականատիրական հարաբերությունների փոփոխման, դա համաշխարհային գործընթաց է և բովադակվում է տնտեսություններում կառուցվածքային տեղաշարժերի և տեխնոլոգիական տեղաշարժերի առկայության պարագայում: Այս իմաստով կարող ենք արձանագրել, որ տնտեսական հեղափոխությունը ՀՀ-ում իրողություն է, Հայաստանում գործարկումն աստիճանաբար ավելի է ամրագրվելու գործուն կառուցակարգերով։ Կարծում եմ, որ այդ ձեռքբերումները տեսնում ենք, նշմարվում են, 8 երկրներ մեկտեղված ՀՀ-ում՝ ազատ առևտրի համաձայնագրի մասով, ընթանում է WCIT համաժողովը, սա հենց տնտեսական հեղափոխության տարր է»,-ասաց տնտեսագետը:

Նա կարծում է, որ տնտեսական հեղափոխությունը պետք է գործուն լինի։

«Երբ ես գրում էի գործուն բառը, փակագծում գրել էի՝ ջիգյարով պետք է կպնել այդ գործին, դա պետք է լինի նաև մեր հեղափոխությունը, կարող ենք Իսրայելին նմանվել, անհող արտադրություն, մենք ներդրումներ չպետք է անենք գոնե հող ունենալու համար: Չեմ թվարկում ատրիբուտները, որ գյուղոլորտում Իսրայելը 3-4 անգամ բարձր արտադրողականություն ունի, մենք պետք է այդ արտադրողականությունն ունենանք գրեթե բոլոր ճյուղերում»:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը զեկույցի ընթացքում նշեց նաև. «Ինձ թվում է՝ ես առողջացել եմ հատուկ այս հեղափոխական զեկույցի համար»: