Կրթական նոր աղմկահարույց չափորոշիչներ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ կրթական նոր աղմկահարույց չափորոշիչներում առկա են կետեր, որոնց հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ծավալվել։

Ըստ մեր տեղեկությունների՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջեւ չափորոշիչներում փոփոխություններ կատարելու պահանջ են դրել, քանի որ կարծում են, որ եթե նման ձեւաչափով երեխաներին ինֆորմացիան հասնի, ապա երեխաները նույնիսկ հոգեբանորեն լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն: Նկատենք, որ հատկապես դժգոհություն են առաջացրել 8-րդ դասարանի Կենսաբանություն առարկայի դասագրքում տեղ գտած մի քանի դրվագներ, որոնք վերաբերում են սեռական կրթությանը. կան հակաբեղմնավորիչների օգտագործման, սեռավարկաներից պաշտպանվածության, պաշտպանիչ միջոցների տրման եւ նմանատիպ այլ թեմաների մասին տեղեկություններ:

Այս թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ: «Գրեթե բոլոր առարկաներում խնդրահարույց կետեր կան, որոնք քննարկվում են, եւ մենք ուսումնասիրում ենք բոլոր առարկայական չափորոշիչները: Մեր բոլոր դիտարկումները ներկայացրել ենք նախարարություն, որը դիտարկումները վերցրել է ի գիտություն, եւ փոփոխելու հարցը առաջ է քաշված: Հիմա հաջորդ քննարկումը լինելու է Պատմություն առարկայում, որը կքննարկենք այս ուրբաթ օրը», – մանրամասնեց պատգամավորը:
Նկատենք, սակայն, որ չափորոշիչներում առկա միայն այս դրույթները չեն քննադատության պատճառ հանդիսացել: Վերջին շրջանում լայնորեն քննարկվեցին նաեւ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման, Հայ գրականություն առարկայի ուսուցման հետ կապված հարցերը»