Ֆելիքս Ցոլակյանը ընդունել է Հովհաննես Խանգելդյանին



Հոկտեմբերի 24-ին՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Գնդապետ Հովհաննես Խանգելդյանն արտակարգ իրավիճակների համակարգում էր շուրջ 20 տարի:

Ծառայությունը սկսել էր 2000 թվականից և մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է Արտակարգ իրավիճակների վարչության բնակչության պաշտպանության մասնագետի, ինժեներատեխնիկական միջոցառումների սպայի, օպերատիվ վարչության կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի, քաղաքացիական պաշտպանության գնդի շտաբի պետի, օպերատիվ վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի գլխավոր ինժեների, ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ-ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի, ինչպես նաև ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի պաշտոնները:

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ Հովհաննես Խանգելդյանին ընդունել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարար Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Հովհաննես Խանգելդյանին երկարամյա արդյունավետ և անբասիր ծառայության համար, բարձր գնահատել նրա տարիների վաստակը: Նախարարի խոսքով, Խանգելդյանը համալրում է սպայի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահած և բարոյական նկարագրով աչքի ընկած ծառայակիցների շարքերը:

Նախարարը Հովհաննես Խանգելդյանին պարգևատրել է ԱԻՆ հուշանվերով: ԱԻՆ-ի աշխատակիցների հետ զրույցում պաշտոնաթող գնդապետ Խանգելդյանը կիսվել է իր մտածումներով.

«Երեխայի պես կապված եմ Արտակարգ իրավիճակների նախարարությանը. այն իմ օջախն է: Ես զինվորագրված կկանգնեմ առաջին շարքերում, եթե իմ համեստ ունակությունների կարիքը նորից զգացվի: Փրկարարությունը չընդատվող առաքելություն է»: